Սթրեսներն ու անորոշությունը շատացել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում 2017 թ. դրությամբ շուրջ 51167 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ կա, որոնցից 3826–ը` դեպրեսիվ տագնապային խառը խանգարումներով:
Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ թեև այս ցուցանիշը Հայաստանի բնակչության թվի համեմատ մի քիչ շատ է, բայց ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունների աճ է գրանցվում: Նա նկատեց՝ թեև վատ ցուցանիշ չէ, բայց նշված թվից հազարավոր մարդիկ մասնավոր ձևով են դիմում հոգեբանների, ինչը չի գրանցվում:
Խոսելով Հայաստանում գրանցված ցուցանիշի հնարավոր պատճառների մասին, հոգեբանն ընդգծեց հատկապես նևրոզների հանգամանքը:
«Նևրոզների աճի պատճառն այն է, որ կյանքի սթրեսներն ու անորոշությունը շատացել են: Բայց նևրոզները հոգեկան հիվանդություն չեն համարվում՝ սահմանային վիճակներ են: Իսկ հոգեկան բուն հիվանդությունների քանակը սովորաբար չի փոխվում, թեև նևրոզների հաշվին հնարավոր է շատանա: ԽՍՀՄ–ում նևրոզները շատ քիչ էին, որովհետև ամեն ինչ որոշակի էր: Կյանքի վախերը ևս շատ չէին, բայց հիմա հակառակն է: Միայն նևրոտիկ, սթրեսային բնույթի խանգարումների դեպքում պատճառները կարելի է կապել նաև տնտեսական, սոցիալական վիճակների հետ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը՝ միաժամանակ ընգծելով, որ ֆինանսական կայունությունն ամենևին չի կարող նման խնդիրներից խուսափելու հիմք լինել:
«Ֆինանսական լավ վիճակում գտնվող մարդն էլ կարող է նման վիճակում հայտնվել: Պատճառը ոչ այդքան ֆինանսական վիճակն է, որքան անորոշությունը: Ի դեպ՝ աղքատ ընտանիքներում ավելի քիչ են նևրոզները, իսկ պատճառն այն է, որ մարդը կլանված է կյանքի խնդիրներով և այսպես ասած՝ նևրոզի ժամանակ չունի: Ընդհանրապես բարեկեցիկ երկրներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ավելի շատ է, իսկ աղքատ կամ ցածր կենսամակարդակ երկրներում՝ ավելի քիչ: Մեզ մոտ այդ աճը մասնավորապես աշխատանք չունենալու հետ կարող է կապվել: Մարդը չգիտի՝ ի՞նչ կլինի վաղը: Հենց սա է նպաստող պատճառներից մեկը»,– նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե այսօր հոգեբանին դիմելու ի՞նչ մշակույթ ունենք, Ս. Խուդոյանը պատասխանեց.
«Հիմա կարծես ավելի հաճախ են դիմում: Հատկապես 1988 թ. երկրաշարժից հետո դիմողների ցուցանիշը գնալով ավելանում է: Եվ դիմում են ոչ միայն հոգեկան խնդիրների, հոգեկան առողջության, այլև ամենատարբեր հարցերով: Օրինակ՝ երեխայի դաստիարակության, միջանձնային հարաբերությունների, անգամ հասարակ վախերի համար են դիմում: Բացի այդ, դիմում են նաև սթրեսից և ծանր կորուստներից հետո: Դիմում են անգամ այն սիրահարվածության դեպքում, երբ չեն կարողանում ազատվել դրանից: Առաջ պետք է նևրոզ լիներ, դանակը ոսկորին հասներ, նոր դիմեին, բայց հիմա այդ մշակույթը փոխվել է»:
Սամվել Խուդոյանի խոսքով՝ Հայաստանում հոգեկան առողջությանն ուղղված միջոցառումները երկու–երեք տարվա կտրվածքով ավելի ինտենսիվ են իրականացվում:
«Բազմաթիվ թրեյնինգներ են անցկացնում, որոնց մասնակցում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հոգեբանական կենտրոններ են բացվել: Մեծ հաշվով՝ այս ոլորտը շատ ինտենսիվ է զարգանում Հայաստանում: Ուրիշ հարց է, որ բուժումը ավելի արդյունավետ պետք է դարձնել: Վերոնշյալ թվի նվազեցմանն ուղղված քայլերից մեկն էլ հոգեբանական պրոֆիլակտիկան կարող է լինել: Այն ճիշտ դաստիարակության քարոզն է, վաղ տարիքից սթրեսների հաղթահարման ուսուցումը: Դպրոցներում հոգեբանական ծառայություններ պետք է մտցնել, որտեղ երեխային կսովորեցնեն, թե ինչպես պետք է հաղթահարել խնդիրները:
Նման քայլերով պետք է անձի սթրեսադիմակայությունը բարձրացնել»,– եզրափակեց հոգեբանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում