Լուսիկ Ագուլեցի. «Արվեստը մրցություն է, այն մաղի պես մի բան է, պիտի լցնել փլավքամու մեջ, մաղել, որպեսզի միջից ամենախոշորը դուրս գա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նկարչուհի, արվեստագետ, ազգագրագետ, ՀՀ վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին խոսելով «Փաստի» հետ և անդրադառնալով արվեստի ոլորտում իր կողմից տեսանելի խնդիրներին՝ մատնանշեց, որ այսօր Նկարիչների միությունը նորմալ չի աշխատում. չկա վաճառք, չկա լավ նկարիչի մրցություն ու բոհեմական շրջան:
– Հասմիկի (Հասմիկ Պողոսյան.– խմբ.) ժամանակ շատ լավ է եղել: Մշակույթի նախարարությունը նկարները գնում էր, Հասմիկը թանգարաններին գումար էր հատկացնում, նկարիչներին ու արվեստագետներին լսում:
– Նոր նախարարը այդքան էլ լավ չի՞ համագործակցում մշակութային գործիչների հետ:
– Այո, այո: Նա դեռ պետք է փորձ ձեռք բերի, դեռ պետք է մեկ–երկու տարի աշխատի: Հասմիկը ուրիշ տեսակի էր, ինքը հասկանում էր: Ճիշտ է, նա խիստ բնավորություն ուներ, երբեմն չէր հասցնում, բայց նեցուկ էր նկարիչներին, նա ժամերով լսում էր, թե ով ինչի կարիք ունի: Եթե ընտրում են մեկին, ով մշակույթը սիրում է, բայց առայժմ չի կարողանում իմանալ՝ ում ինչ է պետք, դրա համար էլ ժամանակ է պահանջվում:
– Բայց արվեստագետները այդքան ժամանակ կարո՞ղ են սպասել:
– Այ հենց դա է: Ես արդեն 72 տարեկան եմ, արդյոք իմ տարիքը կսպասի՞: Ես կսպասեմ, բայց ես գիտեմ սա այն երկիրը չէ, որ քո մահից հետո շարունակեն գործերդ պահել–պահպանել: Հիմա ես արագացնում եմ, բայց արագացնելու համար ես պետք է անընդհատ իրենց դռները ծեծեմ, ճի՞շտ է դա:
Ես Արմեն Ամիրյանին հարգում եմ, որովհետև ինքը երկար տարիների փորձ ունի մշակույթի մեջ, հնարավոր չէ, որ վատ աշխատի, բայց շատ դժվար է արվեստագետների հոգեբանությունը հասկանալ: Նա կարող է մշակույթի շատ լավ վարպետ–մասնագետ է, բայց արվեստագետների հետ աշխատելը շատ դժվար բան է:
Տեսեք, Նկարիչների միությունը չի կարողանում այնպես աշխատել, որ կարողանա գումարներ ձեռք բերի և ցուցադրի այն նկարիչների գործերը, ովքեր ի վիճակի չեն նկարներ վաճառել:
– Այդ խնդիրները նո՞ր են:
– Նոր չեն: Սովետական շրջանում նոր նկարիչներից գործեր են գնել, իսկ հիմա ոչ միություն կա, ոչ ցուցահանդեսներ են լինում: Մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել: Մեկը գնում է, մյուսը՝ ոչ: Այն կազմակերպվածությունը, որ եղել է սովետական շրջանում, հիմա չկա: Նկարիչները մրցույթների էին մասնակցում, բայց հիմա չկա այդ մրցությունը, իսկ արվեստը մրցություն է. այն մաղի պես մի բան է, պիտի լցնել փլավքամու մեջ, մաղել, որպեսզի միջից ամենախոշորը դուրս գա:
– Այսօր երիտասարդ արվեստագետները ճանաչման խնդիր ունե՞ն:
– Նկարիչը պետք է իմանա, որ իր գործը ցուցահանդեսի լավագույն գործն է և պիտի վաճառվի, որպեսզի նա կարողանա իր նյութական կարիքները ապահովի: Լավ նկարիչը չի կարող պատվերներ անել, նա չի կարող գնալ ուսուցիչ աշխատել: Տաղանդավոր նկարիչը նկարում է միայն, նույնիսկ նրա նկարը վաճառողը պետք է առանձին մարդ լինի:
Կան քաղաքական, մշակութային, տնտեսական ու գյուղական օղակներ: Այս օղակները իրար վրա շարված են, և արվեստի ու մշակույթի օղակը, որ գտնվում է պետության ձեռքում, լավ չի գործում:
Մեզ մոտ արվեստագետները ռեալիզացման խնդիր ունեն: Նկարիչների միությունը պետք է կարողանա միջակ նկարիչների հարցն էլ լուծի: Ճիշտ չէ, որ մագիստրատուրան, ասպիրանտուրան ավարտում են ու գնում «Վերնիսաժում» իրենց գործերը վաճառում: Ո՞վ է տեսել փողոցում, անձրևի տակ նկար դնեն: Սա արհամարհանք է արվեստագետի նկատմամբ: «Վերնիսաժ» կարող ես ամեն ինչ մտցնել, բայց ոչ նկար: Նկարիչներին այդ աստիճանի կփոքրացնե՞ն: Ես, օրինակ, իմ նկարը տեսել եմ «Վերնիսաժում» վաճառելիս, գնացել եմ ու գնել, որ այնտեղ չլինի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում