Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար է Փաշինյանը վրեժ լուծում Հովիկ Աբրահամյանից
Վրեժխնդրությունն ու քինախնդրությունը համարվում են մարդկային ամենավատ հատկանիշներից, ավելին՝ հաճախ մարդկանց համար դա ուղղակի վիրավորանք կարող է ընկալվել: Բայց, ինչքան էլ ցավալի է, այնպիսի տպավորություն է, որ իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը առանձին դեպքերում առաջնորդվում է հենց այդ զգացումներով: Այլ կերպ դժվար է բնութագրել այն մոլուցքը, որով Փաշինյանն «ընկել է», օրինակ, Հովիկ Աբրահամյանի ու նրա հարազատների հետևից: Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի մոլուցքով ու եռանդով երկրի տնտեսական վիճակի կարգավորմանը նվիրվելու պարագայում արդեն իսկ հնարավոր կլիներ որոշակի դրական առաջընթաց ապահովել, այլ ոչ թե օրավուր գահավիժել դեպի անդնդախոր անորոշություն: Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչի հետ է կապված Փաշինյանի քինախնդրությունը Հովիկ Աբրահամյանի հանդեպ: Վերջինս եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ, ու այդ բոլոր տարիներին նրան ամենաբուռն քննադատողներից մեկը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը: Լավ է արել, ընդդիմություն է եղել, քննադատել է, թեկուզ հիմա հենց ինքն ու իր թիմն են հիվանդագին ընդունում ցանկացած քննադատություն: Սակայն հաճախ նրա այդ քննադատություններն անցել են քաղաքակրթության բոլոր սահմանները, սակայն սա էլ ոչ մեկին չի զարմացրել, որովհետև դա շատ բնորոշ է Նիկոլին, ով միշտ էլ աչքի է ընկել էքսցենտրիկ ու ջղագրգիռ պահվածքով՝ իր նպատակների համար ընտրություն չկատարելով մեթոդների միջև: Շատ հաճախ նրա քննադատությունները եղել են, պատկերավոր ասած, գոտկատեղից ներքև: Հիմնավոր են եղել, թե ոչ, այլ խնդիր է, դրանց պատասխանը կտա հենց Փաշինյանը, եթե կարողանա չկրկնել այն «սխալները», որոնց համար նա քննադատել է նույն Հովիկ Աբրահամյանին, էլ չասենք այդ «սխալները» շտկելու մասին: Սակայն ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ օրինակ, որ օրինակ, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ժամանակ գեթ մեկ անգամ որևէ թեկուզ աննշան ճնշում կիրառած լինի Նիկոլի ու իր ընտանիքի անդամների կամ հարազատների հանդեպ: Այդ պարագայում անհասկանալի է վրեժի այդ զգացողությունը, որ առկա է Փաշինյանի գործողություններում: Իսկ այլ որակում դժվար է տալ, քանզի բոլոր «գործերը», որ փորձում են «կարել» Աբրահամյանների վրայով, պարզապես սարքովի են: Մարտի 1-ի հետ զենքերի առնչակցությունը «չկպավ»: Չկպավ, չկպավ, այլ բան կմոգոնեք: Ի հայտ եկավ ավազի հանքի հետ կապված ինչ-որ անհոդաբաշխ հերթական հայտարարությունը: Սա էլ հիմքեր չունի՞, հետո ինչ: Պատկան մարմինների երևակայությունն անսպառ է, մի բան կհնարեն: Կարևորը «շեֆի» ցանկությունները գետնով չտան, կարևորը հնչեղ շոուների պակաս չզգացվի: Բայց դե, շուոներով երկար երկիր չես պահի, ինչպես ուղղակի շուկաներով պտտվելով արևավառ լոլիկի գին չես իջեցնի...
Արսեն Սահակյան