«Ես լուսավոր էրեխուս ուրախ եմ բանակ ուղարկել, ու ինձ նրան չվերադարձրին»
Forrights.am-ը գրում է.
«Ես միշտ առույգ եմ եղել, բայց այսօր ես կոտրված եմ»:2016 թ-ի օգոստոսին 2-ին Աղդամի դիրքերում ծառայակցին օգնության շտապելիս ականի պայթյունից զոհված Գեւորգ Հարությունյանի մոր` Անահիտ Վանյանի խոսքերն են: Թեեւ դեպքերից արդեն մեկ ու կես տարի է անցել, զոհված զինծառայողի մայրը չի հաշտվում կորստի հետ: Ընտանիքում ծնված փոքրիկը` իննամսյա Գեւորգը կրում է զոհված եղբոր անունը, սակայն նա ևս չի սփոփել ծնողների վիշտը:
Ընտանիքի բնակարանում չկա որևէ սենյակ, որտեղ չլինեն Գևորգի լուսանկարները: Միայն հյուրասենյակում և միջանցքում կարելի է տեսնել շուրջ չորս տասնյակ լուսանկարներեր, նկար, լուսանկարներով կոլաժներ:
Զոհված զինծառայողի մորը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս այն միտքը, որ այս ողբերգությունը կարող էր տեղի չունենալ, քանի որ դեպքի օրը որդին կարող էր լինել տանը` արձակուրդի մեջ:
«Մենք սպասում էինք, որ արձակուրդ գար, բայց չտվեցին: Տղես զանգեց, ասեց, մամ, ինձ հասանելիք արձակուրդս չեն տալիս, երեւի պետք ա ծանոթ խառնել, թե չէ «կոմբատը» Ղանդիլյանը ընկած ա հետեւիցս»,- պատմում է մայրը:
Ինչպես հայտնել էինք, Գեւորգ Հարությունյանը ծնվել է 1996թվ.` Երևանում, սովորել` Երեւանի №127 դպրոցում, այնուհետեւ խոհարարություն էր սովորել եւ մինչ զորակոչվելը աշխատել էր որպես խոհարար: Լավ ծառայության ու նվիրվածության համար արժանացել էր Կրտսեր Սերժանտի կոչման, ջոկատի հրամանատար էր:
Գևորգը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով ոչ միայն Բակո Սահակյանի, այլ նաեւ Սերժ Սարգսյանի կողմից: Զինծառայողը հուղարկավորվել է Եռաբլուրում հենց ՊՆ-ի նախաձեռնությամբ:
Անահիտ Վանյանը հիշում է` դեպքից դեռեւս մեկ ամիս առաջ արդեն նկատել էր, որ որդու ծառայությունը նախկինի պես հարթ չի ընթանում. «Երբ գնացի տեսակցության, տղես անհավես էր, իրան նման չէր, հարցրեցի` ինչի ես տխուր, ինչ է կատարվում հետդ, ասաց` առաջ հավեսով էի ծառայում, հիմա էլ հավեսով չեմ ծառայում, հավես չթողեցին, էստեղ զինվորին չեն գնահատում, որ պատմեմ, էնքան բան կպատմեմ, ուղղակի հինգ ամիս է մնացել, գլորեմ, վերջացնեմ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում