Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России
Политика

«Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լույս է տեսել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գիրքը: Պարոն Հասան-Ջալալյանից հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է հատկապես հիմա կարևոր Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիտական հիմքով գրականության հրատարակումը:

«Կարևորում եմ ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ գիտական գրականության և մասնավորապես՝ օտարալեզու ընթերցողին հասանելի գիտական գրականության հրապարակումը, որովհետև այս հիմնախնդրով զբաղվող գիտական աստիճանով մասնագետները պետք է փորձեն լրացնել 30 տարվա բացը: Նկատի չունեմ, որ այդ տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել: Եղել են և կան հետազոտողներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով աշխատանք է կատարել: Բայց, երբ դա համեմատում ենք ադրբեջանական կեղծ պատմագրության հետ, տեսնում ենք, որ բավականին հետ ենք:

2020 թ.-ի մեր պարտությունը ռազմի դաշտում, որը կա՛մ դավաճանական, կա՛մ հանցավոր անփութության հետևանքով պարտություն էր (սա իրավապահ մարմինների քննության առարկան է), գլխավորապես հաջորդել է տեղեկատվական դաշտում մեր պարտությանը: Մինչ ռազմի դաշտում պարտությունը, պարտվել ենք քարոզչական, գաղափարական, տեղեկատվական դաշտում: Պատշաճ կերպով ու կարգով չի ներկայացվել հիմնախնդիրը: Իմ գիտական ատենախոսության մշակման ընթացքում, որի պաշտպանության գործընթացում եմ, առիթ եմ ունեցել շփվելու օտարերկրյա շատ հետազոտողների հետ: Օրինակ՝ Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի վարիչն ասում է՝ տեղեկություն չունենք հիմնախնդրի ծագման, զարգացման, կարգավորման ուղիների, հայկական կողմի դիրքորոշումների մասին, փոխարենն այստեղ առկա է ադրբեջանական գրականություն: Այստեղ մեծ անելիք ունենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ հետազոտողներն իրենց ուսումնասիրությունները հիմնականում կատարել են հայերենով: «Այո, անհրաժեշտ է առաջին հերթին մեր հասարակությանը ներկայացնել, փաստարկել, ապացուցել Արցախի հայապատկան լինելը, բայց դա բավարար չէ: Հիմնախնդրի կարգավորման մեր փաստարկված տեսակետը, մոտեցումը պետք է հասանելի լինի օտարալեզու ընթերցողին և, մասնավորաբար, հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ միջնորդներին: Երբ առիթ եմ ունեցել հանդիպելու Արցախի վարչակազմի պաշտոնատար անձանց հետ, նույնն իրենք էին ասում, որ երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, միջնորդները գալիս են Արցախ, առաջարկում են ցույց տալ, թե ո՞րն է մեր մոտեցումը: Մեզ թվում է, որ երբ գրում ենք, խոսում, ուրեմն, հարցը լուծեցինք: Այդպես չէ, դրսի համար մեծ իմաստով մնում ենք չհասկացված: Գլխավորապես դա է եղել գիրքը չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն հրատարակելու շարժառիթներից մեկը: Նպատակ եմ հետապնդել, որ գիրքը հասանելի լինի ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատի անդամ երկրների լեզուներով», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ գիրքը հիմնականում կառուցված է իրավական բնույթի փաստերի ու փաստաթղթերի հիման վրա: «Լինելով քաղաքագետ՝ շեշտադրում չեմ կատարել ո՛չ պատմական, ո՛չ էլ առանձնապես քաղաքական փաստերի ու փաստարկների վրա: Խորապես համոզված եմ, որ հիմնախնդիրն իր արդարացի լուծումը պետք է ստանա իրավական ճանապարհով: Հայկական կողմի թղթածրարում կան շատ զորեղ իրավական փաստեր ու փաստաթղթեր: Եթե դրանք դնեն շրջանառության մեջ, դարձնեն բանակցությունների առարկա, հայկական կողմի դիրքը շահեկանորեն կարող է փոխվել, ինչը չի արվել նախորդ 30 տարվա ընթացքում: Չեմ հիշում, որ թե՛ Արցախի Հանրապետության, որը մինչև 1996 թ. հունվարը մասնակցել է բանակցություններին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր բանակցողների կողմից իրավական փաստերն ու փաստաթղթերը դարձված լինեն բանակցությունների առարկա: Դրա համար շեշտադրում եմ արել այդ փաստաթղթերին: Այդ գրքում կան նաև գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են ընթերցողի ուշադրությանը ներկայացվում:

Մասնավորաբար, խոսքը ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի փաստաթղթերի մասին է, որոնք ընդունվել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետության իրավանախորդ Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ, երբ 1920 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունը դիմել էր, որպեսզի դառնար Ազգերի լիգայի անդամ: Մինչդեռ Ազգերի լիգան կայացրել էր բացասական եզրակացություն, և Ադրբեջանի Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջանն է»,-ասում է «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքի հեղինակը: Խոսելով հակամարտության մասին՝ չէինք կարող չանդրադառնալ նաև այն փաստին, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի անկախության տոնը չնշվեց Արցախում: Ոմանց պարագայում սա հուսահատության, մյուսների պարագայում՝ անցածը վերարժևորելու, թույլ տրված սխալները վերհանելու առիթ է: Քաղաքագետը նշում է՝ հուսահատությունը որևէ լավ տեղ չի տանում:

«Եթե բոլորս հուսահատվենք և ոչինչ չձեռնարկենք, դրանից ոչինչ չենք շահելու: Պետք է արձանագրել սխալները, դրանց շտկման ուղղությամբ գնալ: Պետք է դադարենք այս կամ այն պետական, քաղաքական գործչին, նախկին կամ ներկա նախագահին հաճոյանալու վարքագծի դրսևորումից: Իմ հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել և հիմնավորել եմ, որ իրենց պաշտոնավարման ընթացքում ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունենալու ժամանակահատվածում կոպտագույն սխալներ են թույլ տվել Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները: Փաստերով մատնանշել եմ, որ նրանք սխալներ են թույլ տվել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Ակնհայտ է նաև, որ շատերը համաձայն չեն Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, որն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար: Քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ ամեն ինչ անում են Արցախի թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Մյուս կողմից էլ ակնհայտ է՝ առանց Հայաստանի Հանրապետության աջակցության շոշափելի արդյունքների հասնել հնարավոր չէ:

«Հայաստանի մասնակցությունն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին արձանագրված է երկու կամ երեք կարևորագույն փաստաթղթերում: Դրանցից մեկը գործող վարչակազմի քաղաքական հենարան համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Սա պաշտոնական փաստաթուղթ է, որովհետև գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Այնտեղ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որ հիմնախնդիրը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանում և այլն: Երբ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում դարձել է մեծամասնություն, սա դրվել է նաև կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Այդ դրույթները արձանագրված են նաև 2020 թ.-ի հուլիսին հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Զուտ իրավական, փաստաթղթային իմաստով Հայաստանի ներկայիս վարչակազմն ունի ոչ թե իրավունք, այլ պարտավորություն զբաղվելու ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ: Բայց չի զբաղվում, իսկ իրավապահ համակարգը չի կարողանում նրան կանչել պատասխանատվության, որովհետև նրանք այսօր իշխանության են: Հիմնախնդրի կարգավորման հարցում չենք կարողանալու հասնել շոշափելի հաջողությունների, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը, մարդ, որն ուղիղ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Հաջողության առաջին քայլը կարող է սկսվել այն պարագայում, երբ կարողանանք համազգային ուժերի գերլարմամբ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակազմին հեռացնել իշխանությունից: Սա համարում եմ առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմաններից մեկը:

Ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորում ասելով՝ հասկանում եմ, որ արցախահայությունը պետք է տիրոջ իրավունքով և կարգավիճակով վերադառնա Արցախ և շարունակի իր պետականության կերտումը: Արցախի Հանրապետությունն այսօր օկուպացված է, պետք է կարողանանք հասնել նրա դեօկուպացիային և մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձին: Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն նպատակային, համառ քայլեր: Ոչ ոք և ոչինչ երբևէ չի կարող հիմնավորել և արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումը և մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում