Ծանոթ ու միարժամանակ անհայտ …թերմոս
Թերմոսը տարողության այնպիսի տեսակ է, որն ակտիվորեն օգտագործվում է առօրյա կյանքում դրանում պահվող արտադրանքի ջերմաստիճանը պահպանելու համար: Այն առավել հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է խմիչքը կամ ուտեստը երկար ժամանակ տաք պահել: Լավ թերմոսը անխուսափելի իր է արշավների և ճանապարհորդությունների ժամանակ. դրա մեջ թեյը, ջուրը կամ արգանակը կարող են պահել առնվազն 60 աստիճան ջերմաստիճանը մինչև մեկ օր (ժամանակը և ջերմաստիճանը կախված են թերմոսի հզորությունից և տեսակից)։ Անոթի մեջ արտաքին միջավայրից անկախ ջերմաստիճանի պահպանման անհրաժեշտությունը ի հայտ է եկել 19-րդ դարի երկրորդ կեսերին: Այդ ժամանակ ֆիզիկոսները փորձեր էին կատարում հեղուկացված գազերի հետ, որոնք մթնոլորտի մի մասն են կազմում (ազոտ, թթվածին և ջրածին): Այնուամենայնիվ, պարզվել է, որ ստացված նյութերը պահանջվող վիճակում պահելը բավականին դժվար է, քանի որ դրանք չափազանց արագ գոլորշիանում են: Խնդիրը մասնակիորեն լուծվել է գերմանացի ֆիզիկոս Վայնհոլդի կողմից 1881 թվականին: Նա մշակել է երկշերտ ապակե կոնտեյներ, որի ներսից օդը ամբողջությամբ հանված է: Պատերի միջև օդը հեռացնելու հետևանքով նվազեցվել է գոլորշիացումը:
11 տարի անց՝ 1892 թվականին, շոտլանդիայի ֆիզիկոս և քիմիկոս Դուարը բարելավել է իր գերմանացի գործընկերոջ գյուտը: Կոնտեյները վերածվել է վերին նեղ բացվածքով և զույգ պատերով տափաշիշի. դա կանխել է ստացված գազերի արագ գոլորշիացումը: Ավելի լավ մեկուսացման համար, տարողությունը ներսից ծածկվել է բարակ արծաթե շերտով, քանի որ ջերմային ճառագայթումը լավ է արտացոլվում հայելու նմանվող ներքին մակերեսից: Կոնտեյները երեսպատվել է հատուկ մետաղական պատյանով: Իր գյուտի միջոցով Դուարին հաջողվել է որոշ ժամանակ պահպանել ջրածինը հեղուկ և պինդ վիճակում: Սակայն ոչ նա, ոչ էլ Ուայնհոլդը չեն արտոնագրել այդ եզակի տարողությունը. նրանք չէին հավատում, որ իրենց գյուտերը շոշափելի շահույթ կարող են բերել ինչ որ մեկին:
1903 թվականին ապակու գերմանական արտադրող Բուրգերը մտահղացել է բարելավել Դուարի անոթը այն ոչ միայն գիտական, այլ նաև կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Անոթը դրվել է մետաղական պատյանում, ավելի մեծ իզոլացիայի համար ավելացվել է հերմետիկ խցան: Դիզայնը լրացվել է հարմարավետ կափարիչով, որը խաղում էր նաև փոքրիկ բաժակի դեր: 1903 թվականի աշնանը Բուրգերը արտոնագրել է իր գյուտը: Հաջորդ տարի նա հիմնադրել է մի ընկերություն, որը զբաղվում էր նոր արտադրանքի` «վակուումային տափաշշի» արտադրությամբ: Այդ անունը չէր կարող հավակնել հաջող լինելու, ուստի շուտով հայտարարվել է մրցույթ նորույթի ամենահետաքրքիր անվան համար: Պարզվել է, որ առավել հնչեղ տարբերակը Թերմոսն է (հունարենից Therme նշանակում է «տաք»), որը հորինել է Մյունխենի մի բնակիչ։ 1904 թվականի գարնանը նոր Թերմոս ապրանքանիշը սկսել է օգտագործվել առևտրային նպատակներով:
Ավելի քան մեկ դարի ընթացքում Դեվարի և Բուրգերի գյուտը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Մինչ օրս հաստատվել է տարբեր չափերի թերմոսների արտադրություն` սկսած 0,25-1 լ-ից մինչև 40 լ: Փոփոխություններ է կրել նաև այն նյութը, որից պատրաստվել է շիշը: Ավանդական ապակե անոթներից բացի, լայնորեն արտադրվում են էժանագին պլաստմասե և թանկարժեք մետաղական շշեր: Հանրաճանաչ են լայն բերանով հատուկ սննդային թերմոսները, ինչպես նաև ունիվերսալ թերմոսները, որոնցով կարելի է միանգամից մի քանի ուտեստ պահել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը