Մի «իլյումինատի» պատմություն
Ավարտվեց հերթական քաղաքական սեզոնը. ըստ էության, արժե որոշակի գնահատականներ տալ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Ներկայացնեմ ՀՀ քաղաքական ներկապնակից մի հետաքրքիր դրվագ: Ողջ նախընտրական շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, բավականին տարօրինակ կերպով, թիրախավորել էր ԲՀԿ-ին և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ անընդհատ շահարկելով բարեգործության գործոնը կամ այն, որ Ծառուկյանը գործարար է
ԼՀԿ-ի ներկայացուցիչներն այս ընթացքում առիթը բաց չեն թողնում՝ անընդհատ կրկնելով, որ իրենք ընտրություններից հետո Երևանում եղել են երկրորդ ուժը, որ Երևանն ավելի քաղաքականացված է քան մարզերը, և դա իրենց աշխատանքի արգասինքն է. համաձայնեք, որ դրանք հիմնազուրկ փաստարկներ են: Գործարարի թեման անլուրջ է, որպես նման օրինակ` քաղաքական իրականությունում չմոռանանք Թրամփին և հավելենք, որ օրենքով սահմանված համապատասխան կարգավորում կա այն մասով, երբ գործարարն իր ընկերությունները հանձնում է հավատրմագրային կառավարման: Լուսավորն, ըստ էության, աշխարհի ամենավատ Օրինաց Երկիրն է:
Դիտարկենք մի քանի կոնկրետ իրավիճակներ և գործողություններ, որով այս քաղաքական ուժն աչքի է ընկել իր գործունեության ընթացքում. նախ` «Ելքի» ու «Լույսի» հաշվին «մենք երկրորդն ենք» ասելով` ԼՀԿ-ն մտավ ԱԺ: Կանխատեսելի է, որ նրանք արագ թոթափելու են իրենց ընտրածների պատրանքները:
Կուսակցության վառ ներկայացուցիչ՝ Մանե Թանդիլյանը, ում ժամանակին հանրությունը ճանաչեց որպես «Դեմ եմ» շարժման ակտիվիստ, ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակային պայմաններում ստանձնեց սոցապ նախարարի պաշտոնը և ընդունեց, որ այնուամենայնիվ կուտակային կենսաթոշակային համակարգն ընդունելի է:
Անողնաշարությունը լուսավորականների մոտ կորպորատիվ մշակույթի անբաժան մասնիկ է: Ծառուկյանը ակնարկեց, որ եթե Էդմոնը ոստիկանության «սպռավկա» բերելու հետ խնդիր չունենար, ապա նա չէր հրաժարվի Էդմոնին ֆինանսավորելուց: Էդ էն Էդմոնն ա, ով իրեն ճղում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, իսկ հիմա մոռացել է դրա մասին ու նույնիսկ ծրագրում չի նշել: Անհասկանալի է, թե որտեղից իլյումինատներին էդքան փող, որ ողջ երկրով մեկ իրենց դեմքերն են փակցրել: Իսկ հայտնի դեբատից հետո, երբ Մարուքյանն իրեն համարեց կլասիկ պատգամավոր, իրականում ոչինչ չի փոխում. կլասիկ լինելը չի նշանակում միայն ամբիոնը գրկած ճառել. ժողովուրդը քաղաքական գործիչներին ընդունում և գնահատում է իրենց կատարած գործերով:
Ընդհանրապես կուսակցական խոցելիությունից և քաղաքական պատրաստվածությունից խոսում են «քաղաքական գործիչներ», ովքեր չունեն ոչ քաղաքական հետագիծ, ոչ էլ, առավել ևս, քաղաքական հավասարակշռություն: Ըստ էության, այս քաղաքական ուժը, որը ստեղծվեց բավականին կասկածելի պայմաններում և անհասկանալի ֆինանսական ներդրումներով, կարողանում է բավականին շռայլ քարոզարշավ կազմակերպել և գումարներ ծախսել, այն դեպքում, երբ անընդհատ խոսում են թափանցիկությունից: Հասկանալի է, որ իլյումինատների «քաղաքական հայրերը» նրանց հետ բավականին լուրջ հույսեր են կապում և լուրջ «ստավկա» ունեն:
Հ.Գ. Հայաստանին ներքին խաղաղություն է պետք` արտաքին պատերազմը կանխելու համար: