Հայաստանյան շուկայում ազատ մրցակցությունն իրատեսական չէ. տնտեսագետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է ռուսական «Կուբան» ընկերության շաքարավազ, որի 800 գրամանոց փաթեթը վաճառվում է 410 դրամով: Շուկայում վաճառվող շաքարավազի մյուս խմբաքանակի համեմատությամբ այս ըներության շաքարավազն ավելի թանկ գնով է դրված վաճառքի՝ մեկ կիլոգրամի համար ստացվում է մոտավորապես 510 դրամ: Այն դեպքում, որ հայաստանյան մյուս խանութներում շաքարավազի գինը տատանվում է 400–420 դրամի սահմաններում:
Բացի «Նոր Զովք» ընկերությունից, շաքարավազի ներմուծմամբ են սկսել զբաղվել ևս մի քանի ընկերություն՝ այսպիսով շաքարավազ ներկրող ընկերությունների թիվը հասցնելով 16–ի:
Ինչպես տեղեկանում ենք «168 ժամ» կայքի հունվարի 11–ին հրապարակված «Շաքարավազի և բանանի շուկաներում ներկրողների թիվը կրկնապատկվել և եռապատկվել է» վերնագրով հոդվածից՝ շաքարավազի շուկայում սեպտեմբերին 7 ներկրող ընկերությունների փոխարեն նոյեմբերին գրանցվել է 16–ը:
Ներմուծող ընկերությունների ավելացման դեպքում շաքարավազի գնի նվազում արդյո՞ք չպետք է ակնկալվեր: Այս հարցին տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց:
«Չի կարելի ասել, որ եթե մի քանի հոգի ավելացավ, գինը կնվազի, դա այդ թիվը չէ, պետք է մրցակցություն մտցնել: Բարձ գինը կախված է նաև շաքարավազի դրսի գնից: Բացի այդ շաքարավազի երկու տեսակ կա՝ բնական և քիմիական ճանապարհով ստացված: Բնականաբար, բնական շաքարավազի գինն ավելի բարձր է, քան արհեստականինը: Մենք ավելի լավ է նախընտրենք, որ բնական շաքարավազ ներկրեն, քան արհեստական էժանը: Էժան գնի հետևից վազելը այս դեպքում ճիշտ չէ»,– նշեց տնտեսագետը:
Նրա համոզմամբ շուկայում մի քանի հոգու ավելանալը ալիգոպոլիա է ստեղծում, մոնոպոլիան վերանում է, սակայն դա չի նշանակում, որ ապրանքի գները կիջնեն: Ալիգոպոլիայի ժամանակ էլ ներկրող ընկերությունների ղեկավարները կարող են գնի վերաբերյալ համաձայնության գալ և միանման, բոլորին ձեռնտու գին սահմանել և գները պահել այն մակարդակի վրա, որի վրա կցանկանան: Ինչի արդյունքում կրկին կվերածվեն մոնոպոլիայի:
«Փաստի» այն հարցին, թե Հայաստանյան պայմաններում առողջ մրցակցություն ընդհանրապես կարո՞ղ է լինել, ոչ միայն շաքարավազի շուկայում, այլ՝ առհասարակ, ինչին ի պատասխան Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ պրակտիկ սահմանմամբ իրատեսական չի համարում նման բանը:
«Հայաստանը բավական փոքր երկիր է և փոքր շուկա ունի: Մեր սպառողական լսարանը բավական փոքր է, որպեսզի այդպիսի մեծ, ազատ մրցակցային ներմուծում ապահովենք: Եթե մենք վերցնենք կլասիկ տարբերակով առողջ մրցակցությունը, որն ընդունված է տնտեսագիտության մեջ, ապա մեզ մոտ դա հնարավոր չէ, որովհետև մարդիկ իրար ակամայից ճանաչում են, ու պատկերացրեք, որ բոլորը դառնան շաքարավազ ներմուծող, արդյո՞ք դա հնարավոր է»,– պարզաբանեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ ապրանքի գինը էապես կախված է տրանսպորտային ծախքերից, ինչի հիման վրա էլ սահմանվում է ապրանքի գինը: Օրինակ, Ռուսաստանից ներկրված շաքարավազը ավելի մատչելի պիտի լինի, քան ԱՄՆ–ից կամ այլ հեռավոր երկրներից ներմուծվածը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում «Նոր Զովք» ընկերության կողմից ներմուծվող ռուսական «Կուբան» ընկերության շաքարավազը ավելի մատչելի չպիտի՞ լինի, քան մյուսները, վերջինս պատասխանեց, թե՝ տրանսպորտային ծախքերի տեսանկյունից այո, բայց եթե դիտենք, որ բնականն են ներմուծում, որն ավելի թանկ է, ապա՝ ոչ: «Իսկ դրա հստակ պատասխանը կարելի է ստանալ միայն լաբորատորիաներում, այնտեղ արդեն կասեն, թե դա բնական, թե քիմիական ճանապարհով ստացված շաքարավազ է»,– հավելեց նա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: