Ջհանդամ, թե չեք լայքի կամ ինչ կա չկա մեր Նոյեմբերյանները...
Վերջին շրջանում իմ ընկեր - ծանոթների կողմից ամենաշատ հնչող հարցը՝ ինչ կա ձեր Նոյեմբերյանները, որ Երևան տուն - տեղդ թողել՝ քաշվել ես ռայոն տեղ...
Ու իսկապես, ինչու՞ ես, Երևանում ապրելու բոլոր պայմաններն ունենալով, չեմ կարողանում ինտեգրվեմ և սուս - փուս վերադարձա ի շրջանս յուր...
Հիմա կարճ՝ ինչ կա մեր Նոյեմբերյանները...
Ի տարբերություն Ֆեյսբուքյան Հայաստանի՝ այստեղ սրճարանում, ռեստորանում հացի նստած մարդիկ չեն նստում սեղանի շուրջ և քիթները խցկում հեռախոսի մեջ...
Հաց են ուտում... Արաղ են խմում... Քոմենթներում հեկտարով տեքստ երկնելու փոխարեն մի հատ ջիգյարով ուշունց են տալիս ու անցնում առաջ:
Հողը, հայրենիքն ու պետությունը, նրանց տարբերությունները՝ նույնպես, իրական են զգում, ռեալ, մոտիկից: Ֆեյսբուքում Հայրենիքը չլքելու ու հողին կպչելու մասին գրառումներ չեն անում՝ Գլենդելից կամ Դոնի Ռոստովից, բայց լուռ ապրում են այնտեղ՝ առանց իրենց հայրենասիրական կրքերը ուրիշի վզին փաթաթելու:
Այստեղ ՛՛ղզիկները՛՛ ուրիշի ֆեյսբուքյան պատերի տակ ՛՛լավ տղա՛՛ չեն խաղում, իսկ ՛՛լավերը՛՛՝ վճարովի ակտիվիստ. կյանքը չափազանչ ռեալ է՝ առանց գունային հավելումների:
Այստեղ զինվելու և ERKIRE պահելու կոչեր չեն անում, այստեղ դա կենցաղ է: Ցավալի, նողկալի կենցաղ, իհարկե... Դա առանձնապես հպարտանալու բան չէ, դա ծանր ճակատագիր է: Եվ, ի դեպ, դրանով այստեղ ոչ ոք չի հպարտանում, որովհետև պատերազմը հպարտանալու բան չի, ոչ էլ ռազմագոտում ապրելը՝ մուննաթ գալու արտոնություն: Երևանցին, վանաձորցին, վայքեցին ու մյուս բոլորը մեղավոր չեն, որ սահմանագոտում չեն ծնվել ու չի կարելի առիթ անառիթ սահմանում բնակվելն ու այնտեղ ինչ որ դրական քայլ անելը նետել նրանց երեսին...
Ես նոյեմբերյանցի եմ ու ռազմական գործողությունները պատկերացնում եմ այլ տեսանկյունից, առավել ռեալ փաստարկներով: Երևանցին ու մյուսները կարող են իրենց մտահոգությունները կիսել առավել քիչ պրագմատիզմով և առավել շատ հուզականությամբ (խոսքը անշուշտ չի վերաբերվում ֆեյսբուքում Բաքվի դեմ սուր ճոճող ու զուգարանում ունիտազի վրա նստած պատերազմի կոչեր անող քոմենթահայերին), ու դա բնական է: Սակայն դա այդ մարդկանց մեղքը չէ, ավելին ասեմ, շատ ավելի լավ է, որ այդպես է, քանի որ պատերազմի սարսափներն ու զրկանքները որքան քիչ մարդ տեսնի, այնքան բարձր կլինի հասարակության հոգեկան առողջության տոկոսը և իմունիտետը: Ճակատագիրը յուրաքանչյուրիս բաշխել է իր ծննդավայրն ու մենք յուրաքանչյուրս բնակվում ենք տվյալ տարածքում առկա կոմֆորտով և տվյալ տարածքին բնորոշ պրոբլեմներով...
Եվ, այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խելոքներից գլուխն ազատելու և իրական կյանքով ապրելու բացառիկ վայր է Նոյեմբերյանը: Ֆեյսբուքյան տարատեսակ պորտաբույծ - փորձագետների ձեռքը բահ ու լապատկա տալու, քամակին քացով տալու տեղ է Նոյեմբերյանը: Առանց մեյք - ափ մատուցողների, և նմանապես առանց մեյք - ափ սնունդի երկիրն է Նոյեմբերյանը: Որտեղ մարդը, իրա հոգին, փռած սեղանը, և, ինչու չէ, քաշած արաղը հավասարապես մաքուր են՝ ինչպես ամեն օր իր կրծքերի նկարները նյուզֆիդ նետող քոմենթահայուհու ինտելեկտի թերթիկը...
Ահա թե ինչու եմ գնացել մեր Նոյեմբերյանները...
Ու եթե հանկարծ էս ֆեյսբուքյան գարշահոտը այստեղ էլ տարածվեց՝ քաշվելու եմ մեր սարերը, որտեղ լայք, շեյր ու քոմենթ չկա...
Ջհանդամ, թե չեք լայքի...
Զա տո մարդավարի կապրեմ...
Վարուժան Բաբաջանյան