Վանո Սիրադեղյան. Կյանքը մեր ուզածով չեղավ
Ձեզ ենք ներկայացնում գրող, Հայաստանի պատմության ամենահակասական քաղաքական և հասարակական գործիչներից մեկի ստեղծագործություններից վերցված առանձին մտքեր:
* Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան։
* Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը։ Արագությունը փոքրացնում է երկիրը։ Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է։ Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում։ Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի։ Միայն թե շտապելու հարկ չկա։ Առավել ևս համեմատելու կարիք չկա։
* Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ։
* Անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը՝ կիրակիից առաջ, թեթև երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո…
* Բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը, բայց սավառնողին ,ախր,խփում են: Եվ ճիշտ են անում: Համենայնդեպս ,ներքևիններին ես հասկանում եմ: Եթե ցածում ես,այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի,կամ լեղիդ պայթի,կամ պիտի խփես:
* Մեզ ձեռ չի տալիս,որ կյանքը հանկարծ այսքան պարզ լինի ու բարդացնում ենք,ոնց ենք բարդացնում,ողորմած Աստված,ասես բարդացնելու էլի տեղ ունի: