Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ. Էդիկ Բաղդասարյան
Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից:
Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն:
Խոսքս բանակի ղեկավարությանն է վերաբերում: Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ: Մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը:
Այս դեպքից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին կարող են գալ գերի վերցնել: Չնայած երբեք այդ մասին չեմ պատմում, բայց ուզում եմ հիմա մի օրինակ բերել իմ փորձից:
1992-ի փետրվարին երկու անգամ մասնակցել եմ ականապատման աշխատանքների, Մարտունի քաղաքի մուտքը թշնամու զինտեխնիկայի համար փակում էինք: Մարտունի քաղաքի դիմացի Ամիրանլար եւ Կուրապատկինո գյուղերում թշնամին մեծ քանակությամբ զինտեխնիկա էր կուտակել և սպասում էինք հարձակման: Ու երբ ականապատում էինք, երկու հոգով գիշերը՝ մթության մեջ, ական էինք տեղադրում, երեք հոգի էլ մեր անվտանգությունն էր ապահովում, այսինքն` մենք հանգիստ անում էինք մեր գործը` իմանալով, որ տղերքը հեռվից դիտարկում են:
Մի դեպքում, օրինակ, նրանք ինչ-որ պահի զգուշացրին աշխատանքները դադարեցնել, մենք դուրս եկանք ճանապարհից ու թաքնվեցինք: