Մաքսատուրքի պատճառով է Հայաստանում ոսկու գինը բարձր, համոզված է սիրիահայ բիզնեսմենը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետություն–մասնավոր հատված երկխոսության շրջանակներում անցյալ շաբաթ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել էր ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ոսկերչական բիզնեսում զբաղված անձինք, որպես ոլորտի բացեր հիմնականում նշել են հայկական դրոշմավորման հետ կապված խնդիրները և մաքսային ընթացակարգերի դյուրացման խնդիրները: Նախարարի կողմից առաջարկ է եղել օդանավակայաններում «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման հնարավորություն ստեղծելու, ինչը դրական է գնահատվել ոսկեգործների կողմից:
Հաշվի առնելով, որ տարիներ առաջ Հայաստան ներգաղթած սիրիահայերից շատերը ոսկերիչներ են, ովքեր Հայաստան տեղափոխվելուց հետո շարունակում են զբաղվել այդ բիզնեսով, «Փաստը» զրուցեց սիրիահայ գործարար Հարություն Պալապանյանի հետ: Նա թեև չի մասնակցել նախարար Ս. Կարայանի կազմակերպած հավաքին, սակայն բավականին հարցեր ունի և չգիտի թե ում կարող է դիմել իր հարցերի պատասխանները ստանալու համար:
Հարությունն ասաց, որ եթե Սիրիայում ոսկու բիզնեսով կարողացել է տուն, խանութ գնել, ապա Հայաստանում ոսկու բիզնեսով զբաղվելն այդքան էլ շահութաբեր չէ: Այստեղ ոսկու առևտուրը սեզոնային է: Ամռան ամիսներն են ամենաեկամտաբերը: Իսկ մնացած ժամանակ, մի կերպ են բիզնեսը ոտքի վրա պահում, քանի որ տեղացիներն առանձնապես շատ ոսկի չեն գնում: Եվ ամառվա ամիսներից բացի, մնացած ամիսների եկամուտն այնքան է, որ սիրիահայ ոսկերիչները կարողանում են ընդամենն իրենց տան և կոմունալ վարձերը վճարել ու սնվել:
«Սիրիահայ ոսկերիչներ կան, ովքեր տեղ են վարձել և ոսկերչությամբ են զբաղվում, սակայն բիզնեսն ընդլայնելու համար նրանց գումար է հարկավոր: Ժամանակին պետությունը ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեց սիրիահայերին, և եթե հիմա էլ նման հնարավորություն տրվեր, շատերը կկարողանային իրենց բիզնեսներն ընդլայնել»,– ասաց Հարություն Պալապանյանը:
Սիրիահայ ոսկերիչը գրանցված անհատ ձեռնարկատեր է, աշխատում է և կարողանում է վճարել իր հարկերը: Բայց երբ ստիպված միանգամից թողել եկել են Հայաստան, չեն կարողացել իրենց ապրանքները բերել:
«Սիրիայում բավականին ոսկի ունեմ պահ տված տարբեր մարդկանց մոտ: Հիմա ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ իմ ոսկին օրենքով բերեմ Հայաստան: Այ դա է իմ խնդիրը»,– ասաց սիրիահայը:
Խոսելով ցածր տոկոսադրույքով սիրիահայերին վարկեր տրամադրելու մասին, նրան հիշեցրինք, որ սիրիահայերից շատերը վարկերը ստանալուց հետո, գումարները հետ չվերադարձրին և Հայաստանից տարբեր երկրներ արտագաղթեցին: Հ. Պալապանյանն ասաց, որ նման սիրիահայերի պատճառով այսօր տուժում են Հայաստանում մնալու ցանկություն ունեցողները:
«Ես չգիտեի, թե ում պետք է դիմեմ, և ես չեմ ստացել նման գումարներ: Միայն լսում էի, որ նման բան կա: Բայց եղան մարդիկ, ովքեր գումարներ վերցրին ու գնացին երկրից: Դա շատ ամոթալի արարք էր: Եվ հիմա նրանց պատճառով այն մարդիկ են տուժում, ովքեր որոշել են մնալ և հաստատվել Հայաստանում»,– ասաց վարպետ Հարությունը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում