Ինչո՞ւ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցում. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
Ինչո՞ւ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցում
Ադրբեջանը, որպես պատանդ, պահում է հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հրաժարվում է վերադարձնել նրանց։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանը, դրա ռազմաքաղաքական ղեկավարությունը հայերի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ կատարել և կատարում են միջազգային հանցագործություններ՝ ագրեսիա, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ հպարտորեն ներկայացնելով դրանք որպես թուրքական հայրենասիրություն։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակով հայատյացությունը խրախուսում և տարածում է՝ դպրոցներից մինչև երկրի ղեկավարի հայտարարություններ՝ գովերգելով բոլոր նրանց, ովքեր աշխարհի տարբեր հատվածներում հայ են սպանում։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, այլ նաև արցախցիների կյանքի և մարդու բնական այլ իրավունքները։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, էթնիկ զտումներ իրականացրել, ոչնչացրել արցախցիների սեփականությունը, պատմամշակութային հուշարձանները։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանն ամենաբարձր քաղաքական մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի՝ ուժի կիրառման և դրա սպառնալիքի արգելքի, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Եվ դա չի թաքցնում։
Ադրբեջանն իր հոգաբարձու Թուրքիայի հետ պատրաստվում է վերացնել Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես սուբյեկտ, որպես պետականություն՝ հետևողական ու երբեմն «փափուկ» ոչ շտապողականությամբ։ Եվ դա չի թաքցնում։
Այս շարքը կարելի է երկար թվել։
Միայն ավելացնեմ, որ այս խնդիրներից որոշներով մենք արդեն դատական և/կամ այլ իրավական գործընթացներ ենք սկսել Ադրբեջանի դեմ։
Հետևաբար չենք կարող մի ձեռքով դատի տալ պետությանը՝ նման հանցագործություններ կատարելու համար, իսկ մյուս ձեռքով հաշտություն մուրանք։ Հատկապես այն դեպքում, երբ շատ լավ ենք ճանաչում թուրքերին, ովքեր միայն ուժեղի և հաղթողի հետ կարող են ինչ֊որ հաշտության գալ։
Առևտուր և այլ «հաշտեցնող» գործիքներին «այո» ասելուց առաջ առնվազն պետք է վստահ լինել, որ Ադրբեջանը հրաժարվում է հայերին և հայկական պետականություններն ոչնչացնելուքաղաքականությունից։
Սա հասկանալու համար պետք չէ մտքի տիտան լինել, ընդամենը պետք է մտածել, թեկուզ քիչ, բայց մտածել…