Ներքին համերաշխության ու խաղաղության կոչ անողներին ծաղրել ենք, ասելով, որ «մոդայիկ չես» եղբայր, ժամանակներից հետ ես ընկել... Մնացական Բիչախչյան
Տարիներ ու դարեր շարունակ ինչքան էներգիա է ծախսվել ու ծախսվում ներքին պայքարների համար: Ներսում իրար դեմ հազարապատիկ ավել համառությամբ ենք պայքարում, քան արտաքին թշնամու դեմ: Լավը փնտրելու փոխարեն, ուրախացել ենք ներքին «հակառակորդի» ձախողումներից, մի փոքր բացասականի վրա ավելացրել, ճոխացրել, սևացրել, տրորել, ոտնատակ արել ու ինչ…… վամպիրիր պես հաղթանակած հրճվել ենք: Նշույլ անգամ համերաշխության զգացում չենք ունեցել, բարեկամության մեկնած ձեռքն էլ միշտ եղել է կեղծ, անձնական հաշվարկներով, որոշ ժամանակ անց կատաղի գազանի նման խժռել ենք իրար:
Ու... Սեփական հողը մեր ոտերի տակ սահուն գնացել է, հոսել գետի նման: Բայց ոչինչ, սպասի դեռ լրիվ չենք խժռել իրար, հողը հեչ, հողը հետ կբերենք...Ի զեն, նորից ներքին հոշոտում…
Ներքին համերաշխության ու խաղաղության կոչ անողներին ծաղրել ենք, ասելով, որ «մոդայիկ չես» եղբայր, ժամանակներից հետ ես ընկել, թույլ ես, թույլի՜կ, նվազ, անճար: Վերագրել ենք, որ անճար լինելն է նրա մեջ մտցրել ներքին համերաշխություն: Հանել ենք հավատարիմների ցուցակից, ասելով դու պայքարող տեսակ չես, տզրուկ ես, գնա մեռի կամ ինքնաոչնչացի:
Միայն չասեք դե նման ներքին պայքարներ կան ամենուր: Մեզ ամենուրը չպետք է հետաքրքրի, ամենաառաջինը Քրիստոնյա հռչակած ազգը չունի պահանջվողը՝ ներքին համերաշխությունն ու ազգային միասնությունը:
Արդյո՞ք սա է մեր տեսակը....
Մի նայեք դիմացինին, ամենքս պետք է մեր մեջ գտնենք ներքին խժռողին և ուժ ունենանք մտածել Պետության մասին:
Այո, պետության մասին մտածելու համար պետք է ներքուստ ուժեղ լինել:
Կարդացեք և շարունակեք խժռել իրար....
Մնացական Բիչախչյան