Վերջին զարկը կապիտուլացրեց ողջ համակարգը
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այն ինչ այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ և դեռ շարունակում է զարգանալ, հասունացել էր դեռ վաղուց: Համաժողովրդական ընդվզման հաջողության գրավականն առաջին հերթին ժողովրդի համերաշխությունն ու միասնականությունն էր անկասկած:
Այս համատեքստում սակայն պետք է արձանագրել, որ դա բավականաչափ դժվար իրագործելի պրոցես էր, ինչը կրկնենք տարիների ընթացքում կուտակված հասարակական դժգոհության կրիտիկական կետին հասնելու շնորհիվ էր: Քաղաքական առումով սակայն, ամեն ինչ դեռ ավարտված չէր, դեռ քայլեր կային անելու: Ամենասպասված և շրջադարձային հայտարարությունն այս կոնտեքստում բնականաբար խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն էր, ինչի արդյուքնում դաշտում ուժերի հավասարակշռվածությունը կտրուկ փոխվելու էր: Ծառուկյանի որոշումից էր կախված կշեռքի նժարը կթեքվի ժողովրդի կողմը թե ոչ: Սակայն նրա տարիների կենսափորձն ու ժողովրդականությունը, ադեկվատ մտածելակերպով հանրության շարքերում կասկած անգամ չէին հարուցում, որ Ծառուկյանը կանի արժանապատիվ քայլ և երբեք դեմ չի գնա ժողովրդին:
Այդուհանդերձ, որոշ մարգինալ քաղաքական ուժեր կամ արդեն մարգինալացված ուժեր, ամեն կերպ փորձում էին արհեստական ինֆորմացիոն հոսքերի շնորհիվ, ազդել հասարակական տրամադրվածության վրա, այդկերպ լարվածություն հրահրելով Ծառուկյանի անձի նկատմամբ: Հասկանալի է, որ իշխող կուսակցության համակարգի անդամներն ուղղակի երազում էին Ծառուկյանի առաջադրման մասին, չէ որ այդկերպ համաժողովրդական կոնսենսուսը չէր կայանա և հնարավոր կլինել ստատուս քվոն պահպանել, բայց դե Ծառուկյանի արժեհամակարգը բոլորովին այլ սցենար թելադրեց:
Բոլորն էլ կհիշեն 2015 թվականը, երբ Ծառուկյանն իր ուսերին վերցրեց չափազանց ծանր որոշում և կարողացավ իրավիճակն այնպես զարգացնել, որ հնարավոր արյունահեղություն տեղի չունենար, սակայն այդ ճանապարհին, իշխանական որոշ գործիչներ, ոգևորության կեղծ էյֆորիայի ազդեցության տակ, հնչեցրին մտքեր, որոնց համար հետագայում, այսինքն պետք է գլխներին տային:
Ինչպես հետագան ցույց տվեց Ծառուկյանը համբերատար էր, այո հենց համբերատարներն են հաղթում միշտ, ինչի արդյունքում էլ ինչպես օրեր առաջ մամուլում էր շրջանառվում, վերջին հարվածը կատարվեց: Սակայն ԲՀԿ առաջնորդը ոչ թե 5-6 անձի ուղղությամբ կատարեց վճռորոշ և հաղթական հարվածը, այլ ամբողջ համակարգի: ԲՀԿ նախագահին ճանաչողներն իհարկե դեռ 2015-ին գիտեին, որ այն ինչ բորենիների ոհմակի միջոցով իրագործվեց, չէր կարող անպատասխան մնալ, ուղղակի ճիշտ պահ էր պետք մեկ զարկով կապիտուլացիայի ենթարկել մի ամբողջ համակարգ: Գիտենք, որ Ծառուկյանը վրեժխնդիր մարդ չէ, նա բազմիցս է դա ապացուցել, սակայն այս արատավոր համակարգի տապալումը կարելի է վերագրել վրեժի այն տեսակետից դիտարկված, որ սա մի ամբողջ ՀԱՅ ազգի վրեժն էր, որին էլ հենց ամենաժողովրդական գործիչը պետք է հագուրդ տար: Ողջ պրոցեսը տրամաբանական էր և սպասելի…