Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ջրային պաշարների ջրի կազմի անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում խոսելով հանքերի անխնա շահագործման հետևանքով շրջակա միջավայրն ու գետերն աղտոտելու «ավանդույթի» վերածված աղետալի գործելաոճի մասին, նշեց, որ Կապանում գտնվող Կավարտի հանքավայրը, մինչ օրս գտնվում է բաց վիճակում, որը ոչ միայն տեղի ազգաբնակչության, այլև ողջ երկրի համար մականը քաշած ռումբ է և ամեն վայրկյան կարող է պայթել:
«Կավարտի հանքավայրը Կապանի երեք տեղամասերից մեկն է: Պետական հանքավայր էր և շահագործվում էր պետական կոմբինատի կողմից: 2000–ականների սկզբին սեփականաշնորհեցին, տվեցին կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ներկայում՝ «Դանդի Փրիշս Մեթալս») ընկերությանը, որը հանքից հանեց հիմնական մետաղական հարստությունը, հետո դիմում գրեց նախարարությանը, թե հրաժարվում է այդ տեղամասից, քանի որ իրեն այլևս պետք չէ: Պետությունն էլ շատ հանգիստ այն հետ ընդունեց: Արդյունքում՝ Կապան քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող այդ բաց հանքը մնացել է պետությանը: Ոչ միայն որևէ կանոնի, այլև որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես է պետությունն այդ վիճակում հետ վերցրել այն»,– ասաց Ս. Մինասյանը: Թե ինչպես է պատահել, որ պայմանագրով ստանձնած պարտականությունները փաստացի խախտելով հանքատերը կարողացել է հանգիստ լքել ոչ միայն հանքը, այլև՝ շրջանցել իր պարտականությունները, համապատասխան գերատեսչությունները լռում են: Լուռ են նաև պատասխանատու այն պաշտոնյաները, որոնց ղեկավարման օրոք է նման որոշում կայացվել:
«Ընկերությունը հանքը շահագործելուց հետո պետք է ռեկուլտիվացիա աներ՝ փակեր տարածքը, հող լցներ վրան, բերեր նախնական տեսքի, նոր միայն հանձներ պետությանը: Իսկ հիմա 8 միլիոն դոլար է պետք, որ այդ տարածքը ռեկուլտիվացվի: Դա պետությանն է պատկանում: Այսինքն, ստացվում է, որ հիմա պետությունը պետք է այդքան գումար ծախսի, որպեսզի նշված տարածքը քիչ թե շատ նախնական տեսքի բերի: Հենց այս պահին այդ լքված հանքի հատակին մոտավորապես 10–12 հազար խորանարդ մետր ծավալով ծծմբային կամ թթվային բաղադրություն ունեցող լիճ է գոյացել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում»,– ասաց անկախ փորձագետը:
Փորձագետի դիտարկմամբ, միայն նշված վայրում չէ վիճակն այդքան աղետալի: Բայց, որքան էլ զարմանալի է, դա կարծես թե այնքան էլ չի անհանգստացնում ո՛չ ՀՀ էներգետիկայի նախարարությանը, ո՛չ Հանքերի վարչությանը, ո՛չ էլ ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությունների ՊՈԱԿ–ի ղեկավարությանը, նշում է փորձագետը:
«Նրանք չեն մտածում, թե ինչ վնաս են պատճառում երկրին: Նրանք բոլորովին այլ հարթության մեջ են ապրում, որտեղ չափանիշներն ու չափողականություններն ուրիշ են: Նույնիսկ շրջակա միջավայրի ազդեցության մասին եզրակացություն են գրում, թե Քաջարանի վերևի հատվածում ջուրն ավելի կեղտոտ է, քան Քաջարանի կոմբինատից հետո: Անգամ մասնագետ՝ քիմիկոս կամ կեսաբան, պետք չէ լինել և ընդամենը ուղեղի երկու առողջ բջիջ է պետք ունենալ, հասկանալու, որ դա հնարավոր բան չէ»,– խոսքը եզրափակեց Ս. Մինասյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում