Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Գրականության տերը և ծառան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթ Գասպարյանը 70 տարեկան է: Անհնար է պատկերացնել ժամանակակից հայ գրական–քննադատական միտքը առանց նրա: Հատկապես՝ չարենցագիտությունը: Նա էր, որ գծեց ու հայ ժողովրդին պարզեց Չերենցի տեղը նրա կյանքում: Եվ ասաց, թե ով է Չարենցը նրա համար:

Գրականության և կյանքին վերաբերող իր խոհերը գրականագետը կիսում է մեզ հետ:

– Պարոն Գասպարյան, հիսուն և ավելի տարիներ հայ գրականության մեջ եք. ինչպե՞ս եք տեսնում այն: Առավել ևս՝ համեմատելով աշխարհի գրականությունների հետ:

– Տեսնում եմ այնպես, ինչպես կա: Անուններ են, մրցանակներ են, օտար լեզուներով թարգմանություններ են: Բայց որպես համաշխարհային գրականության մաս, որ պետք է մրցակցության մեջ լինի այլ գրականությունների հետ, չեմ տեսնում: Ասածս վերաբերվում է ժամանակակից գրականությանը, քանի որ դասական գրականության և դասական արժեքների հանդեպ ներկա վերաբերմունքն առանձնապես ոգևորիչ չէ: Այսօր շեշտն առավելապես դրվում է արդիականության վրա: Մեկ օրինակ բերեմ. երբ խորհրդային տարիներին Եղիշե Չարենցի 80 կամ 90–ամյակ էինք նշում, այդ հոբելյանը դառնում էր համաշխարհային երևույթ: Իսկ այժմ նրա 120–ամյակը նշում ենք միայն մենք, այն էլ՝ սեղմ շրջանակների մեջ:

– Մեր գրականությունը կարողանո՞ւմ է դուրս գալ ցեղասպանված ժողովրդի հոգեբանական բարդույթից և աշխարհին ուղղել ազատ, պարզ և առողջ հայացք:

– Իսկ ինչո՞ւ պետք է դուրս գա այդ բարդույթից, եթե այդպիսին է: Ընդհակառակը, ոչ թե դուրս է գալիս, այլ առավել խորանում է: Օտարագիր ողջ հայ գրականությունն այսօր թեքվել է դեպի ցեղասպանություն: Եվ հիշողության այս մարտահրավերը, բարձր գրականության միջոցով համաշխարհայնացվում է: Որովհետև նրանք որակապես բարձր գրողներ են, իրենց երկրներում հայտնի անուններ են: Ընդհանրապես, մենք մեր հիշողության այս լարն ամենևին չպետք է խզենք և օտարենք արդիականությունից:

– Նոր՝ ազատ և անկախ Հայաստանի գրական սերունդը կարողանո՞ւմ է ստեղծել իր գրականությունը կամ գոնե ոտքը դրե՞լ է իրեն հատկացված ճանապարհին:

– Անկախությունը պահանջում էր պատմական արժեքների վերանայում: Պահոցները բացվեցին, բայց 1980–1990–ական թթ. և հաջորդ տարիներին միայն ես դրանք ուսումնասիրեցի ու բացահայտումներ արեցի: Ներկայացրի Չարենցի, Բակունցի, Մահարու կենսագրությունները, գեղարվեստական, փաստական հսկայական նյութ վերհանեցի ու ներկայացրի հանրությանը:

Բայց այս ամենը մեկ մարդ չպետք է աներ, դրանով պետք է զբաղվեր ամբողջ մի ինստիտուտ: Պետք է ստեղծվեր առանձին կառույց՝ արժեքների վերանայման և գնահատման համար, այլ կերպ՝ հիշողության կենտրոն: Իսկ դա մենք չարեցինք: Մարդիկ նոր փաստերի չտիրապետեցին: Այդ իսկ պատճառով սովորույթի ուժով շարունակվեց նախկինը՝ խորհրդային կաղապարված մտածողությունը, և դա այն դեպքում, երբ դարաշրջան էր փոխվել և արդեն խոսքի ազատության ժամանակ էր:

Կամ գուցե մարդկանց ներքին ազատության չա՞փը հենց այդքան էր: Որովհետև խորհրդային վերջին տարիներին էլ ազատության վիթխարի չափաբաժին կար: Նայած մարդու մեջ դրված «շարժիչն» ինչպիսին է, դրանից էլ կախված, նա կա՛մ օգտագործում էր այդ չափաբաժինը, կա՛մ չէր օգտագործում:

– Մշտապես գրականության ուղեկիցը եղել է գրական քննադատությունը, բայց այսօր գրողները դժգոհում են քննադատների բացակայությունից կամ նրանց ոչ օբյեկտիվ մոտեցումից, որը մեծ հաշվով նույն բանն է: Ինչո՞ւ է խաթարվել գրող–գրական քննադատ կապը:

– Ձեր հարցադրումն ինքնին սխալ է: Քննադատությունը երբեք հավելված չի եղել, այն ինքնուրույն գրական–ստեղծագործական արժեք է:

Այսօրվա մեր գրողները փոխադարձաբար իրար են գովում կամ կպել են լրագրողներին ու նրանց դարձրել իրենց քննադատը: Ուզում են տեսնել իրենց գովող, գովազդող մեկին: Իսկ լուրջ քննադատը երբեք այդպիսին չի լինի:

Լուրջ քննադատին պետք է դիտարկել իր գործողությունների մեջ: Ա՛յ, վերջերս ես հրապարակեցի «Հոգու հայելի» մենագրությունը: Առաջին գլխում մեր գրական միջավայրի մանրակրկիտ վերլուծությունն է: Քանզի և՛ գրողը, և՛ քննադատը հենց այդ իրականությունից են գալիս, որպեսզի հանդիպեն իրար մաքուր գեղարվեստի մի հրվանդանում:

Այնպես որ բարձր քննադատություն կա, և այն երբեք չի կարող ստորաքարշ լինել, չի կարող լինել ծառայամիտ, հաճոյացող, շնորհանդեսային և կենացախոսական:

– Մեզ մի քիչ առանձնահատուկ ժողովուրդ ենք համարում, մեր գրականության խաղացած դերն էլ մեր ազգի կյանքում համարում ենք առանձնահատուկ: Քանզի պետականություն չունենալով՝ գրականության վրա շատ ավելի մեծ բեռ ենք դրել: Ազգաստեղծ, պետականաստեղծ նրա դերը նկատելի՞ է ձեզ համար:

– Այո՛, գրականությունը Հայաստանում ավելին է, քան գրականությունը:

Դա իրենց կյանքով, ճակատագրով ու պայքարով ապացուցել են մեր բոլոր մեծերը՝ Մաշտոցից ու Խորենացուց, Գողթան երգիչներից ու էպոսն ասացողներից մինչև Շիրազ, Սահյան, Սևակ: Գրականությունից մենք մշտապես ավելին ենք պահանջել: Մեր գրականությունը ժամանակի ընթացքում դարձել է բազմանիստ: Ավանդական բուն արժեքները՝ հայրենասիրականը և հոգևորը կան, շարունակվում են, առկա է նաև ժամանակակից մարդը և ժամանակակից կյանքը:

Ես, ընդհանրապես, բարձր եմ գնահատում գրականության արդիականությունը: Այսինքն՝ ներկայացվի այսօրվա մարդը և նրա կերպարի միջոցով արծարծվեն անցյալի հիշողությունները: Պատմությանը ևս, անգամ 1915–ին, այսօրվա հայացքով պետք է նայենք, որպեսզի մեզ համար արթնանա պատմությունը: Հակառակ դեպքում այն կմնա փաստագրության, հուշագրության ակունքներում:

– Դուք ձեր կյանքի հիմնական մասը նվիրել եք Չարենցին ու նրան բացահայտելուն: Ո՞վ է Չարենցը հայ ժողովրդի համար:

– Չարենցը հայ ժողովրդի հավաքական անունն է: Չարենց ասելով, ասես պատկերացնես Արարատ լեռը: Չարենցը հայ գրականության մայրաքաղաքն է: Բոլոր ճանապարհները գալիս են դեպի Չարենց և սկիզբ են առնում Չարենցից:

Այն, որ անկախության այս տարիներին ամենահոլովվող, մշտապես կենդանի անունը Չարենցն է, թող ներվի ասել, իմ հրապարակումների շնորհիվ է: Հրապարակել եմ Չարենցի «Նորահայտ էջեր» անտիպների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 նոր վավերագրեր և գեղարվեստական երկ: 2012–ին տպագրեցի «Գիրք մնացորդաց»–ը, որն արգելափակեցին՝ կալանքի ենթարկեցին անկախության այս ժողովրդավարական տարիներին: Բայց այս տարի նոր խմբագրությամբ կրկին լույս ընծայեցի: Նաև երկու հատորով հրապարակել եմ «Չարենցի հետ» հիշողությունների գիրքը:

Ընթերցողը պետք է հարստացնի Չարենցի մասին իմացությունը: Մինչդեռ այսօր գրականագետներ կան, ովքեր «Տաղարան»–ից այն կողմ չեն տեսնում, «Գիրք ճանապարհի»–ի մասին էլ ընդամենը մի երկու կցկտուր խոսք կասեն: Էլ ո՞ւր մնաց վիթխարի անտիպ Չարենցը, որը գալիս է 1935–ից: Եվ ասեմ՝ ծավալով անտիպ Չարենցը նույնքան է, որքան տպագրված Չարենցն է: Այստեղ է, որ երևում է, որ մեկը Գետառի գրականագետ է, մյուսը՝ օվկիանոսի:

Այսօր այնքան չարենցագետներ կան, որոնք իմ գրքերն են արտագրում: Իմ դեմ վիճում են, բայց իմ գրքերն են արտագրում: Առաջ դա ինձ զայրացնում էր, հիմա՝ ոչ: Ասում եմ՝ կարևորն այն է, որ իմ գաղափարներն են տարածվում:

– Կյանքի բանն այդպես է:

– Այո՛: Նա, ով սառցահատի պես ջարդելով, ճանապարհը բացելով գնում է, հետևից գալիս ու նրան ուրանում են: Առաջինին միշտ քարկոծում են:

– Չարենցը մարգարե էր, իսկ մարգարեները պատահական չեն աշխարհ գալիս: Չարենց մարգարեի խոսքերը մեր ժողովրդի վերաբերյալ մենք ըմբռնե՞լ ու մարսե՞լ ենք: Թե դեռևս նրա ասած ճշմարտությունները շարունակում են մեր ականջը ծակել:

– Չարենցը եկավ, որ այլևայլ բաների հետ մեկտեղ մեզ նաև մի պարզ բան ասի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

– Բայց Չարենցը նաև այլ բան է ասել՝ որ մեր ընթացքը եղել է թափթփված, անգաղափար, անղեկ…

– Նա արտակարգ ու դիպուկ քննադատական հայացք ուներ: Այնքան, որ 30–ականներին, երբ պաշտոնյաները պետք է ուրախանային, որ ազգայինը քննական հայացքով է ներկայանում, Չարենցին մեղադրեցին նիհիլիզմի մեջ: Այո՛, ասում էր՝ «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ // Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»: Նա մեր ազգի ոգեղեն ուժը վերականգնող գաղափարներ էր արծարծում, ազգային ոգու ղեկավար էր ուզում, ճիշտ ընթացք էր պահանջում: Ուզում էր, որ մերը լինի ոչ թե գաղթականի ուղի, այլ ժողովրդի երթ:

Բայց միաժամանակ նաև ասում էր՝ «Այդ մենք ենք երևի այն ուղտը հաստակող, // Որ Հիսուսի առակին հակառակ– // Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով // Ապագայի դրախտը անարատ»:

– Իսկ մենք չարենցյան այդ ճշմարտությունները վերցրե՞լ ենք, մարսե՞լ ենք: Նույնիսկ ինձ թվում է, որ վանել ենք դրանք, թույլ չենք տվել մոտենան մեզ:

– Շատերն անգամ չեն էլ մոտեցել նրա ոգուն: Չարենցին վերաբերող ընդամենը ձևական, արտաքին մի քանի բաները գիտեն: Իսկ խորքում ինչ կա՝ տեղյակ չեն: Մինչդեռ Չարենցն այն բանաստեղծն է, ով մեզ միշտ զգոն պետք է պահի: Նաև Չարենցը լի է անակնկալներով: Եվ վատն այն է, որ անափ այս հանճարին մեր «խելոքները» հարմարեցնում են իրենց չափսերին:

– Այժմ անձամբ Դավիթ Գասպարյան մարդու մասին: 70 տարիների բարձրությունից նա ինչպե՞ս է տեսնում աշխարհը. ինչի՞ համար է կյանքը, ինչո՞ւ է մարդը գալիս աշխարհ: Այս մտքերը ձեզ այցելո՞ւմ են…

– Ընդհանրապես, մարդն իր ինքնությունն է, որ կերտում է ժամանակի մեջ, մարդն իր ստեղծած միջավայրն է, ընտանիքն է, հայրենիքն է: Մեր այս մի կաթիլ արյունը միլիոնավոր տարիների վտանգավոր ճանապարհ է անցել, որ հասել է մեզ: Այդ ճանապարհի պատմությունն է բերել իր հետ, տվել է մեզ, որպեսզի շարունակենք ու փոխանցենք: Մարդու ամեն մի քայլը մի նպատակի է ուղղված, որի անունն է Հայրենիք:

Մարդը ծնվում է, որպեսզի իրականացնի այն, ինչ տրված է նրան ի վերուստ: Սա՛ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում