Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
Politics

Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը ստացել է տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանի հոդվածը՝ ԿԲ-ի, ըստ հեղինակի, անօրինական որոշման, դրա հետ կապված դատական գործընթացի և, ընդհանրապես, ԿԲ-ին առնչվող մի շարք այլ կարևոր խնդիրների մասին: Նշենք, որ Ռ. Մնացականյանը 1992 թվականից աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հոդվածում ներկայացված են ոչ միայն կոնկրետ դատական գործի հանգամանքները, այլ նաև պետական կառույցներում բարեփոխումների իրավաչափության, ինստիտուցիոնալ պատասխանատվության և աշխատանքի իրավունքի պաշտպանության վերաբերյալ ավելի լայն հարցադրումներ: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:

Երբ մեր երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց ստեղծել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը (ԴՈՒՀԿ), ՀՀ Կենտրոնական բանկը ձեռնամուխ եղավ նախաձեռնության հայեցակարգի մշակմանը։ 2010 թվականին ԴՈՒՀԿ-ի Հայեցակարգն արդեն ամբողջությամբ պատրաստ էր. այն բազմիցս քննարկվել էր թե՛ ՀՀ ԿԲ ներսում, թե՛ արտաքին գործընկերների հետ։ Հայեցակարգի մշակման գործընթացին զգալի աջակցություն էր ցուցաբերում նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Փաստաթուղթը ներառում էր կենտրոնի ստեղծման առաքելությունը, նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները՝ միջազգային համաժողովների, աշխատաժողովների և սեմինարների կազմակերպման միջոցով։ Հայեցակարգի համաձայն, ԴՈՒՀԿ-ի առաքելությունն էր զարգացնել ՀՀ ԿԲ ստորաբաժանումների հետազոտական և վերլուծական կարողությունները՝ այն վերածելով դրամավարկային, մակրոտնտեսական և ֆինանսական քաղաքականությունների իրականացման տարածաշրջանային գերազանցության կենտրոնի։ Հայեցակարգում առանձին դրույթներ վերաբերում էին տնտեսական հետազոտությունների վարչությանը՝ որպես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման։

2013 թվականին վարչության հաստիքացուցակն ընդլայնվեց, և այն համալրվեց 20 աշխատակցով։ 2013–2014 թվականներին ամերիկյան դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպվեցին շուրջ մեկուկես տարի տևողությամբ շարունակական վերապատրաստման դասընթացներ։ Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից և հետազոտական կենտրոններից հրավիրվեցին բարձրակարգ դասախոսներ և փորձագետներ։ Դասընթացներն ընդգրկում էին ժամանակակից մակրո- և միկրոտնտեսագիտություն, դրամավարկային և ֆինանսական քաղաքականություններ, տնտեսության իրական հատվածի զարգացում, ֆինանսական և աշխատաշուկաների ուսումնասիրություն, տնտեսամաթեմատիկական մոդելավորում և կիրառական քաղաքականությունների մշակում։

Ըստ Հայեցակարգի, նպատակահարմար չէր համարվել վարչության ներսում առանձին բաժինների ստեղծումը, քանի որ այն հիմնականում համալրված էր երիտասարդ մասնագետներով, որոնց հնարավորություն էր տրվում ՀՀ ԿԲ ռազմավարական ծրագրի և առաջնահերթությունների շրջանակում ինքնուրույն ձևավորել իրենց հետազոտական ուղղությունները։ Հետագայում վարչության կառուցվածքում ձևավորվեցին բաժիններ, այնուհետև տնտեսական հետազոտությունների վարչությունը, դրամավարկային քաղաքականության վարչությունը և վիճակագրական վարչությունը միավորվեցին և ընդգրկվեցին մակրոտնտեսական դեպարտամենտի կազմում։ 2013 թվականից հետո ԴՈՒՀԿ տեղափոխվեցին նաև ՀՀ ԿԲ այլ ստորաբաժանումներ։

ԴՈՒՀԿ-ն, ըստ էության, ենթակառուցվածքային հարթակ էր, որտեղ տեղակայված էին ՀՀ ԿԲ մի շարք ստորաբաժանումներ՝ ունենալով խորհրդաժողովների, քննարկումների և միջազգային միջոցառումների կազմակերպման դահլիճներ, ինչպես նաև վերապատրաստման հնարավորություններ։ Տասներկու տարվա գործունեությունը ցույց տվեց, որ ԴՈՒՀԿ-ն կայացած կառույց է, ինչն արդարացրեց ընտրված մոդելի արդյունավետությունը։ Տարբեր տարիներին ԴՈՒՀԿ այցելել են հանրապետության նախագահը և վարչապետը, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, սեմինարներ և կոնֆերանսներ։ Կենտրոնը գործնականում ապացուցել էր իր կարողությունը հաղթահարելու մարտահրավերները և ապահովելու համակարգային ու նորարարական լուծումներ։

2025 թվականի սկզբին ՀՀ ԿԲ նոր ղեկավարությունը որոշում կայացրեց տնտեսական հետազոտությունների վարչությունը դուրս բերել Մակրոտնտեսական դեպարտամենտի կազմից և այն վերանվանել «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն»։ Գործընթացը ներկայացվեց որպես նոր տեսլականի ձևավորում՝ նպատակ ունենալով ԴՈՒՀԿ-ն դարձնել տարածաշրջանային կենտրոն կիրառական քաղաքականության վերլուծության և հետազոտությունների ոլորտում։ Սակայն հարկ է ընդգծել, որ նման հայեցակարգ գոյություն ուներ դեռևս 2010 թվականից։ Ներկայացված «նոր» հայեցակարգը փաստացի կրկնում էր արդեն իսկ գործող կենտրոնի նպատակներն ու խնդիրները և զարգացման առումով որևէ բովանդակային նորույթ չէր պարունակում։ Ստեղծվում էր բարեփոխման մեկնարկի տպավորություն, սակայն բացակայում էին հստակ ռազմավարական հիմնավորումները և կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը։ Փոփոխությունները չեն իրականացվել թափանցիկ կերպով, չեն քննարկվել աշխատակիցների հետ, և նրանց չի ներկայացվել դրանց իրական բովանդակությունը։ Ընդ որում, հարկ է նշել, որ նախաձեռնված փոփոխությունների ժամանակահատվածում տնտեսական հետազոտությունների վարչությունում քննարկվել էր միայն երիտասարդ աշխատակիցների հետազոտական աշխատանքներում ներգրավման և առաջխաղացման հարցը, քանի որ վարչությունում առկա էին մեծ թվով թափուր հաստիքներ։ Ըստ էության, ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկված փոփոխությունները մոլորության մեջ են գցել ՀՀ ԿԲ աշխատակիցներին և հասարակությանը։

ՀՀ ԿԲ-ում, այսպես կոչված, «կառուցվածքային փոփոխությունների» արդյունքում ինձ և վարչության մյուս աշխատակիցներին ուղարկվեց ծանուցում, ըստ որի, փոփոխվելու էին աշխատանքային պայմանագրի էական պայմանները՝ պայմանագրի տեսակը (անորոշ ժամկետից՝ որոշակի ժամկետով), պաշտոնի անվանումը և գործառույթները։ Մերժման դեպքում նախատեսվում էր պայմանագրի լուծում՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ ԿԲ-ում իմ աշխատանքը եղել է շարունակական բնույթի, այն չունի ժամանակային կամ նախագծային սահմանափակում։ ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկված «ժամանակավոր պայմանագիրը» փաստացի հանդիսացել է կարգավիճակի իջեցում, ինչն անթույլատրելի է՝ առանց հիմնավորված պատճառի։ ՀՀ Սահմանադրության 57րդ հոդվածով երաշխավորվում է աշխատանքային իրավունքի պաշտպանությունը, այդ թվում՝ խտրականության արգելքը և անհամաչափ միջամտությունից զերծ մնալու սկզբունքը։ Ելնելով դրանից՝ ես հրաժարվեցի ստորագրել առաջարկվող անօրինական և ոչ իրավաչափ պայմանագիրը, ինչից հետո ՀՀ ԿԲ նախագահի կարգադրությամբ ազատվեցի աշխատանքից։

Վարչության անվանափոխությամբ աշխատանքային պայմանների իրական, բովանդակային փոփոխություն տեղի չէր ունեցել։ Հետևաբար, պայմանագիրը լուծելու հիմքերը չէին համապատասխանում Աշխատանքային օրենսգրքի բովանդակությանը և նպատակին։ Ես հայց ներկայացրի դատարան՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատաքննության ընթացքում պարզվեց, որ ՀՀ ԿԲ-ն դատարան չի ներկայացրել իրավաբանորեն ձևակերպված «աշխատանքի էական պայմանների փոփոխման ակտ», որի անհրաժեշտությունը նախատեսված էր նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշումներում։ Այդ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված իմ գրությունը փոխանցվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի պատասխան գրությունում ևս նշվում էր, որ նման ակտում պետք է հիմնավորվի փոփոխության անհրաժեշտությունը։ ՀՀ ԿԲ-ում նման ակտ չէր կազմվել և դատարան չէր ներկայացվել։ Ավելին, ՀՀ ԿԲ կողմից դատարան ներկայացված փաստաթղթում վիճարկում է Սահմանադրական դատարանի դիրքորոշումը «աշխատանքի էական պայմանները փոփոխող ակտ» հասկացության վերաբերյալ, և ինքն է փորձում սահմանել դրա բովանդակությունը՝ որպես ներքին և արտաքին իրավական ակտերի կամայական համակցություն՝ շրջանցելով օրենսդրական պահանջները:

Դատարան ներկայացված ՀՀ ԿԲ դիրքորոշումներում նշվել էր նաև, թե ես չեմ համապատասխանել նոր աշխատանքի նկարագրի պահանջներին, սակայն որևէ հանձնաժողովի եզրակացություն կամ պաշտոնական մասնագիտական գնահատական չի ներկայացվել։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ 2024 թվականի տարեկան հաշվետվությունում արձանագրված է, որ իմ հետազոտական աշխատանքը հրապարակվել է միջազգային գիտական ամսագրում և նպաստել է ՀՀ ԿԲ հետազոտական կարողությունների զարգացմանը։ Ես հեղինակ եմ ավելի քան 30 գիտական հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ մինչև ԿԲ աշխատանքի անցնելը ունեցել եմ արդեն 10 գիտական հրապարակում, որոնցից երեքը՝ արտերկրում։ Փաստորեն դատարանին ներկայացվել էին իրարամերժ և հակասական տեղեկություններ։ Բնականաբար, հարց է առաջանում՝ պետական մարմնի կողմից դատարաններին ներկայացված փաստական անճշտությունների կամ իրարամերժ տեղեկությունների պարագայում ո՞րն է պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմը:

ՀՀ ԿԲ-ի կողմից դատարան ներկայացված դիրքորոշման մեջ հիշատակված «մարտահրավերները»՝ աշխատակիցների հոսունությունը, կազմակերպական խնդիրները և հետազոտական չափորոշիչների բացակայությունը, բնորոշ են ցանկացած կառույցի և չեն կարող դիտարկվել որպես էական կառուցվածքային փոփոխության իրավաչափ հիմք։ Այս ամենը վկայում է, որ իրականացված փոփոխություններն իրենց հիմքում չունեին միասնական ռազմավարական հիմնավորված փաստաթուղթ և վարչության գործառույթների բովանդակային փոփոխության վերաբերյալ իրավաչափ ձևակերպված ակտ։ Արդյունքում աշխատանքից ազատման կարգադրությունը հիմնված էր ձևական պատճառաբանությունների վրա և պահանջում է իրավական գնահատական։

ՀՀ ԿԲ-ի կողմից դատարան ներկայացված դիրքորոշման մեջ նշվում է նաև, որ հետազոտողներից պահանջվում է հրապարակումներ ունենալ միջազգային դասակարգման ցանկերում ընդգրկված գիտական ամսագրերում, քանի որ այդ ցանկերը համարվում են որակի հեղինակավոր չափանիշներ։ Անկասկած, միջազգային չափորոշիչներին համապատասխանելը կարևոր է յուրաքանչյուր հետազոտական հաստատության համար։ Սակայն բազմաթիվ կենտրոնական բանկեր նման պահանջները դիտարկում են որպես մասնագիտական զարգացման և մրցունակության խթանման հնարավորություն, մինչդեռ ՀՀ ԿԲ-ում այդ չափորոշիչը ներկայացվել է որպես աշխատանքի պահպանման պարտադիր պայման։ Նման մոտեցումը իրավական առումով վիճահարույց մեկնաբանություն է, քանի որ զարգացած և զարգացող երկրների որևէ կենտրոնական բանկում միջազգային ցուցակում հետազոտական աշխատանքների պարտադիր հրապարակումը՝ որպես աշխատանքային հարաբերությունների պահպանման նախապայման, կիրառելի և տարածված պրակտիկա չէ։

Բացի այդ, արտերկրյա գիտական ամսագրերում հրապարակումները նոր վերափոխված վարչության գործունեության ընդամենը շուրջ 20 տոկոսն են կազմում, մինչդեռ աշխատակիցների աշխատաժամանակի զգալի մասը հատկացվում է ՀՀ ԿԲ աշխատանքային ծրագրերով նախատեսված կիրառական և քաղաքականությանը միտված հետազոտություններին, ինչպես դա ընդունված էր տնտեսական հետազոտությունների վարչությունում։ Հետևաբար, այդ չափորոշիչը չէր կարող դիտարկվել որպես աշխատանքի էական պայմանների փոփոխության հիմնավորված և իրավաչափ հիմք։

ՀՀ ԿԲ փաստաթղթում նշվում է նաև, որ նոր ստեղծված կենտրոնում առաջատար հետազոտողներից պահանջվում է կազմակերպել ուսումնապրակտիկ դասընթացներ և հանդես գալ որպես մենթոր երիտասարդ մասնագետների համար։ Սա ներկայացվում է որպես նոր պահանջ, մինչդեռ իրականում նման գործառույթները մշտապես իրականացվել են տարբեր վարչությունների և բաժինների ղեկավարների կողմից և հանդիսացել են ՀՀ ԿԲ բնականոն մասնագիտական գործունեության մաս։

ՀՀ ԿԲ նույն դիրքորոշման մեջ նշվում է նաև, թե հնարավոր չէ վերականգնել իմ աշխատատեղը, քանի որ այն փակվել է։ Սակայն տնտեսական հետազոտությունների վարչությունում «ֆիքսված աշխատատեղ» հասկացությունը երբևէ չի կիրառվել։ Հետազոտությունները մշտապես իրականացվել են հաստատված նախագծերի շրջանակում, որոնք յուրաքանչյուր տարի փոփոխվել են՝ պայմանավորված ՀՀ ԿԲ առաջնահերթություններով։ Ուստի, «փակված աշխատատեղ» ձևակերպումը չի արտացոլում իրական վիճակը։

Վերջապես, ՀՀ ԿԲ դիրքորոշման մեջ նշվել է, թե իբր ես ցանկություն եմ ունեցել առանց անցումային փուլի նշանակվել ԴՈՒՀԿ-ում։ Նման պնդումը որևէ փաստարկով չի հիմնավորվում և հիշեցնում է ենթադրություն։ Իրականում ես ՀՀ ԿԲ նախագահին ներկայացրել եմ երեք զեկուցագիր՝ ձեռնարկված գործողությունների իրավաչափության վերաբերյալ, սակայն դրանք ընթացք չեն ստացել և չեն քննարկվել, ինչը ևս վկայում է այդ գործընթացի ոչ բավարար թափանցիկության մասին։ Փոխարենը դատարանին ներկայացվել են չհաստատված ենթադրություններ, որոնք փաստական հիմք չունեն և կարող են նպաստել մոլորեցնող եզրակացությունների ձևավորմանը։ Ո՞վ է կրելու պատասխանատվություն դատարաններին ներկայացված իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկությունների համար:

Առաջին ատյանի դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքները, իմ հայցն ընդդեմ ՀՀ ԿԲ՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժեց՝ ընդունելով, որ պայմանագրի փոխակերպումը կրել է բացառիկ և նպատակային բնույթ։ Սակայն դատարանը չի հիմնավորել, թե որն էր այդ «բացառիկ» հանգամանքը և ինչու ներկայացված պահանջները կարող էին հանդիսանալ ժամանակավոր պայմանագրի իրավաչափ հիմք։ Դատարանը նաև անհասկանալի է համարել, թե ինչու ես չեմ համաձայնել շարունակել աշխատանքը և հետագայում մասնակցել մրցույթին, մինչդեռ ակնհայտ հարց է առաջանում՝ երբ աշխատողն արդեն ազատված է աշխատանքից, ինչպե՞ս կարող է մասնակցել նույն կառույցում նոր մրցույթի։ Փաստորեն ՀՀ ԿԲ կողմից ինձ առաջարկվել է «ընդունիր կամ ազատվիր» պայման, այսինքն՝ ես իրական ընտրության հնարավորություն չեմ ունեցել, ինչն իրավական տեսանկյունից համարվում է համաձայնության բացակայություն: Դատարանը չի քննարկել իմ աշխատանքային իրավունքների խախտումը անհատական գնահատման և համաչափության սկզբունքի տեսանկյունից: Դատարանը սխալ է մեկնաբանել, որ բոլոր աշխատակիցների նկատմամբ կիրառվել է «համընդհանուր մոտեցում»։ Այս մոտեցումը հակասում է այն սկզբունքին, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատակցի հետ կապված որոշումը պետք է հիմնված լինի անձնական ունակությունների, արդյունքների և ներդրման անհատական գնահատման վրա։ Իմ նկատմամբ կիրառված «հավասար» մոտեցումը փաստացի հավասարության անվան տակ տարբեր իրավիճակների ձևական հավասարեցում է, ինչը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին։

Դատարանի որոշման մեջ առավելապես ընդունված է ՀՀ ԿԲ-ի՝ պատասխանող կողմի դիրքորոշումը՝ առանց իմ ներկայացրած փաստարկների բազմակողմանի իրավական գնահատման։ Վերոգրյալի հիման վրա ես բողոքարկել եմ առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկը վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր պատասխանում փաստացի վերարտադրել է առաջին ատյանի դատարանում ներկայացված նույն դիրքորոշումը՝ առանց լրացուցիչ իրավական հիմնավորումների։ ՀՀ ԿԲ-ում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տեղի ունեցած գործընթացները միայն անհատական խնդիր չեն։ Խոսքը պետական կառույցներում ինստիտուցիոնալ պատասխանատվության, բարեփոխումների բովանդակության և աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է։ Երբ «բարեփոխում» հասկացությունը վերածվում է ձևական գործիքի, երբ իրավական ակտը փոխարինվում է ընդհանուր ձևակերպումներով, իսկ գիտական և մասնագիտական փորձառությունը անտեսվում է առանց փաստարկված գնահատման, խնդիրը դուրս է գալիս մեկ աշխատողի շրջանակներից։ Պետական ինստիտուտների ուժը ոչ թե անվանումները, այլ սկզբունքներն են։ Եթե աշխատանքի էական պայմանների փոփոխության ինստիտուտը կիրառվում է առանց հստակ իրավական ակտի և հիմնավորման, ապա դա վտանգավոր նախադեպ է ցանկացած պետական կառույցի համար։ Եթե բարեփոխումները ներկայացվում են առանց բովանդակային նորույթի և փաստաթղթային հիմնավորման, հանրային վստահությունը դառնում է ձևական։ Վերաքննիչ դատավարությունը ցույց կտա ոչ միայն կոնկրետ իրավական վեճի հանգուցալուծումը, այլև այն, թե արդյոք Հայաստանում աշխատանքի իրավունքը և պետական կառավարման պատասխանատվությունը կարող են պաշտպանվել ոչ միայն տեքստով, այլև դրանց իրական իմաստով։ Խնդիրը չի սահմանափակվում մեկ աշխատանքային վեճով։ Այն առնչվում է պետական կառույցներում իրավական կանխատեսելիության, համաչափության և հաշվետվողականության սկզբունքների կիրառությանը։ Եթե կառուցվածքային փոփոխությունները չեն հիմնավորվում պատշաճ իրավական ակտերով, ապա առաջանում է իրավական անորոշություն, որը կարող է ազդել հանրային վստահության վրա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում