Եկեղեցին լռեցնելը՝ պետությունը թուլացնելու ճանապարհ
ԱՄՆ-ում հրատարակվող հայկական հեղինակավոր պարբերականը՝ The Armenian Mirror-Spectator֊ը, 2026 թվականի հունվարի 6-ին հրապարակել է ծավալուն վերլուծական հոդված՝ «The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise» վերնագրով։
Հոդվածի հեղինակն է արգենտինահայ լրագրող, Բուենոս Այրեսում լույս տեսնող Սարդարապատ թերթի տնօրեն Սերգիո Նահապետյանը։ Նյութը նվիրված է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի պետական իշխանությունների միջև վերջին տարիներին սրված հարաբերություններին և կտրուկ քննադատում է այն թեզը, ըստ որի՝ Եկեղեցին պետք է դուրս մնա հանրային ու քաղաքական կյանքից՝ միաժամանակ ենթարկվելով պետական միջամտության։
Հեղինակը հիշեցնում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին միայն կրոնական կառույց չէ։ Այն ավելի քան տասնյոթ դար եղել է հայ ժողովրդի ինքնության, լեզվի, մշակույթի և պատմական հիշողության հիմնական հենարանը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո
Եկեղեցին ձևավորել է ազգային միասնականության առանցքը, իսկ պետականության կորստից հետո դարեր շարունակ փաստացի փոխարինել է պետությանը՝ ստանձնելով ժողովրդի առաջնորդի և ներկայացուցչի դեր։
Հոդվածում ընդգծվում է, որ օտար տիրապետությունների պայմաններում հենց Եկեղեցին է պահպանել հայ ինքնությունը, կրթությունը և հոգևոր դիմագիծը։ Ցեղասպանության տարիներին այն դարձել է առաջին թիրախը, քանի որ Օսմանյան իշխանությունները լավ գիտակցում էին՝ Եկեղեցու ոչնչացումը նշանակում է ազգի ոչնչացում։ Չնայած ծանր կորուստներին՝ Եկեղեցին կարողացել է վերականգնվել և սփյուռքում դարձյալ հանդես գալ որպես հայ համայնքների համախմբման կենտրոն։
Նյութի առանցքային հատվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակին և Եկեղեցու շուրջ առաջացած լարվածությանը։
Հեղինակը նշում է, որ վերջին տարիներին իշխանությունները մեղադրում են Եկեղեցուն քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, սակայն միևնույն ժամանակ իրենք են փորձում ազդել Եկեղեցու ներքին կյանքի վրա։ Այս մոտեցումը ներկայացվում է որպես երկակի չափանիշ, որը հակասում է ինչպես պատմական փորձին, այնպես էլ սահմանադրական տրամաբանությանը։
Հոդվածում հիշեցվում է, որ ազգային աղետների ու ճակատագրական որոշումների պահին Եկեղեցին չի կարող լռել։ Նրա քննադատական խոսքը չի դիտարկվում որպես իշխանության զավթման փորձ, այլ որպես բարոյական պարտք և պատասխանատվություն ժողովրդի առաջ։ Հեղինակի համոզմամբ՝ պետական սխալների մասին բարձրաձայնելը Եկեղեցու պատմական առաքելության շարունակությունն է, ոչ թե դրա խախտումը։
Առանձին ուշադրություն է դարձվում միջազգային փորձին՝ ընդգծելով, որ բազմաթիվ երկրներում կրոնական կառույցները մասնակցում են հանրային քննարկումներին, արտահայտում դիրքորոշում ազգային և բարոյական հարցերի շուրջ և դա չի ընկալվում որպես ժողովրդավարության խախտում։ Ըստ հոդվածի՝ խնդիրը ոչ թե Եկեղեցու քաղաքական ակտիվությունն է, այլ այն, որ քննադատական ձայնը խանգարում է գործող իշխանություններին։
Եզրափակելով՝ հեղինակը զգուշացնում է, որ Եկեղեցու լռեցումը կամ պետական վերահսկողության տակ դնելը վտանգավոր ճանապարհ է։
Պատմությունը ցույց է տվել, որ նման փորձերը հանգեցնում են ազգային ինստիտուտների թուլացման և հասարակության բաժանման։ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը, ըստ հոդվածի, նույնական է ազգային ինքնության և պատմական շարունակականության պաշտպանությանը։
Նյութը ավարտվում է կոչով՝ գիտակցել, որ քաղաքական իշխանությունները ժամանակավոր են, իսկ
Եկեղեցին դարերով մնացել է ժողովրդի կողքին՝ ամենածանր ժամանակներում։ Եկեղեցու ձայնը լռեցնելը չի ուժեղացնում պետությունը, այլ խլում է նրանից այն հենարանը, որի վրա հայ ժողովուրդը կանգնել է դարեր շարունակ։