Բզկտված ԱՐՑԱԽ. ՍԱՐԳՍԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
ՍԱՐԳՍԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Մարտունի շրջկենտրոնից հեռու է 50 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ։ Համայնքը լեռնային է, ունի 977,3 հա տարածք, որից 642,06 հա գյուղատնտեսական նշանակություն, 271,07 հա անտառային հողեր։
Սարգսաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Տանձի», «Շենին ջուր» և «Թթու ջուր»։ Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ խաչքար (XI-XII դարեր), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. III դար), սրբատեղի «Հայրումանց գյունե» մ.թ.ա. 2 հզ - 17 դ., գերեզմանոց «Խլիշին ձոր» 12-20 դդ․, գերեզմանոց «Եղցու խութ» մ.թ.ա. 2-1 հզ-17 դ., 19-րդ դարի երեք ջրաղաց՝ «Ասլանանց», «Ըղանց», «Սակունց»։ Ընդհանուր հաշվառված է 9 հուշարձան։
Մինչև բռնազավթումը համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 285 մարդ, կար 65 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր նաև գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 55 աշակերտ։