Նահանջ դեպի Սյունիք․ Պատերազմի չորրորդ շաբաթը
«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, Հադրութում գործողությունների մասին: Երրորդ մասը նվիրված է Հադրութի կորստին և հաջորդած իրադարձություններին:
44-օրյա պատերազմի չորրորդ շաբաթը մեկնարկեց մարտի դաշտում ադրբեջանական բանակի հաջողությունների մասին Բաքվից հնչող նոր հայտարարություններով։ Միայն հոկտեմբերի 19-ին և 20-ին հեռարձակված երկու տեսաուղերձներում Իլհամ Ալիևը հայտարարեց 37 բնակավայրերի գրավման մասին։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ դրանց թվում էր նաև 1993 թվականի աշնանից հայկական վերահսկողության տակ գտնվող Զանգելան քաղաքը:
Այն, որ ադրբեջանական զորքերն արդեն Զանգելանի մատույցներում են, հոկտեմբերի 20-ի առավոտյան հաստատեց նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Այս պահին [հակառակորդը] Իշխանաձորի, Կովսականի, Միջնավանի հատվածում է։ Չեմ ուզում հավելյալ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ, էդքանը բավարար է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչի մասին է խոսքը», -«Ազատության» հետ զրույցում նշում էր Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։
Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը՝ հարկավոր էր նայել քարտեզին։ Վահրամ Պողոսյանի հիշատակած բնակավայրերը՝ հյուսիսում, Հաքարի գետի ափին գտնվող Իշխանաձորը, հարավում՝ Կովսականը (դա Զանգելանի հայկական անվանումն էր) և Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Մինջևանը․ միմյանցից բավական զգալի հեռավորության վրա էին։
Դրանց մատույցներում ընթացող միաժամանակյա մարտերը միայն մեկ բան կարող էին նշանակել, որ այդ հատվածում ճակատային գծի ընդհանուր երկարությունը գրեթե 30 կիլոմետր է։ Առավել մտահոգիչն այն էր, որ դրանից մեկ օր առաջ հայկական կողմը հաղորդում էր Խուդաֆերինի ջրամբարի մերձակայքում ընթացող մարտերի մասին։ Ադրբեջանական կողմը Խուդաֆերինի կամրջի մոտ երկրի պետական դրոշը տեղադրելու մասին հայտարարել էր հայկական կողմի հաղորդագրության հրապարակումից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 18-ին։
Փաստորեն ստացվում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները Խուդաֆերինի կամրջից Զանգելան ընկած 25 կիլոմետրն անցել էին ընդամենը երկու օրում։ Եվ եթե պաշտոնական Ստեփանակերտը թեկուզ փոքր-ինչ քողարկված ձևով, բայց գոնե փորձում էր հասկացնել հանրությանը, որ հարավային ճակատում օրհասական դրություն է ստեղծվել, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը շարունակում էր պնդել՝ խոսքը ոչ թե ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ հարձակման, այլ սակավաթիվ դիվերսիոն խմբերի կարճատև ներթափանցումների մասին է։
«Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբեր, թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր (որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում, կամ բնակավայրեր, որոնք ընդհանրապես բնակեցված չեն էլ լինում շատ վաղուց), այնտեղ նկարահանվում են և տարածում են այդ լուրերը։ Դա առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ, ցավալիորեն ազդում են նաև մեր հանրության վրա։ Ես խնդրում եմ բոլորիդ, հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել», -2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարում էր Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին սակայն, երբ թիկունքում, դժկամորեն, բայց ի վերջո սկսել էին հասկանալ, թե որքան ծանր է ռազմաճակատում տիրող կացությունը, տեղի ունեցավ անսպասելին՝ պաշտոնական Երևանը հայտարարեց հարավային ուղղությամբ իրավիճակի կտրուկ փոփոխության մասին։
«ՊԲ ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Վերջին ժամերի դրությամբ հակառակորդը նահանջել է Խուդաֆերինի ջրամբարի կողմը», - հայտարարում էր Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Շուշան Ստեփանյանի այս հայտարարությունից քիչ անց թիկունքում և հատկապես սոցիալական ցանցերում տիրող էյֆորիկ տրամադրությունների տարածմանը կրկին նոր թափ հաղորդեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը, որ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ կոչ էր անում չհուսահատվել և «Ֆեյսբուքում» գրում էր թե «Նահանջը դեռ պարտություն չէ», այժմ էլ սկսել էր տրամագծորեն հակառակ տրամադրությունները տարածել։
«Ալիև, բարի գալուստ դժոխք», - սա Արծրուն Հովհաննիսյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին արված գրառումներից ընդամենը մեկն էր։ Համոզմունքը, որ այդ պահին Արաքսի ափին ինչ որ կարևոր, գուցե նույնիսկ շրջադարձային իրադարձություն է տեղի ունենում էլ ավելի ամրապնդվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» արված առանձին գրառմամբ նշեց այդ օրվա մարտերում աչքի ընկած բարձրաստիճան զինվորականների անունները՝ մի բան, որ պատերազմի նախորդ երեք շաբաթներին գրեթե չէր արվել։
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման», -գրում էր Փաշինյանը հոկտեմբերի 20-ին։
Թե հատկապես ինչ էին արել հայ գեներալներն այդ օրը, Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց։ Պատերազմի 24-րդ օրը, սակայն, հայ հանրության համար ավարտվում էր այն համոզմամբ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ռազմական գործողությունների շրջադարձային դրվագի, երկար սպասված բեկման շեմին են։
Հաջորդ օրը սակայն կրկնվեց նույնն, ինչ տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ՝ Ջաբրայիլի ուղղությամբ լայնորեն գովազդված հակահարձակման ժամանակ։
Ինչպես և հոկտեմբերի 7-ին, ամսի 21-ին ևս մոտալուտ բեկման խոստումներին փոխարինելու եկավ քար լռությունը։
Այն, որ ռազմաճակատում իրադրությունը եթե անգամ փոխվել է, ապա միայն դեպի վատը՝ պարզ դարձավ նույն օրը՝ կեսօրին։ Նախօրեին բարձրաստիճան հրամանատարներին Ազգային հերոսի կոչում շնորհող վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին արդեն խոսում էր կամավորական ջոկատներ ստեղծելու սուր անհրաժեշտության մասին՝ կարծես ակնարկելով, որ կանոնավոր բանակն այլևս ի վիճակի չէ զսպել ադրբեջանցիների հարձակումը։
«Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ։ Հիմա ավելի ընդլայնեմ։ Կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո», - հոկտեմբերի 21-ի իր ուղերձում հայտարարում էր Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև առաջարկում էր ապագա կամավորականներին սեփական «շարքերից հրամանատար ընտրել, զորամասերից մեկում ռազմական պատրաստություն անցնել, մեկնել առաջնագիծ և հաղթել»։
«Դու ես հենց էն մարդը, որ էսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա կանգնի այն հերոս տղերքի կողքին, որոնք էսօր կերտում են այն հաղթանակը, որը մեր նպատակն է», - հոկտեմբերի 21-ի ֆեյսբուքյան լայվում հայտարարում էր Փաշինյանը։
Այն նույն ժամերին, երբ Հայաստանի վարչապետը կոչ էր անում կամավորական ջոկատներ ստեղծել, ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում նման ջոկատները կանոնավոր բանակի վերածած գործիչներից մի քանիսը քննարկում էին ռազմաճակատում ստեղծված ծանր դրությունը։
Հոկտեմբերի 21-ին էր, որ հայտնի դարձավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Երևանում կայացած հանդիպման մասին։ Նախագահների խորհրդակցության փաստն այդ օրը պաշտոնապես հաստատեց Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Միմյանց հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող այս գործիչների դեմ առ դեմ այդ հանդիպումն իրավիճակի լրջության, ծանրության ևս մեկ վկայությունն էր։ Դատելով մամուլում և քաղաքական շրջանակներում պտտվող լուրերից՝ Հայաստանի նախկին նախագահները վարչապետ Փաշինյանին իրենց օժանդակությունն էին առաջարկում նախևառաջ Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների տեսանկյունից, ինչը ավելի քան օրինաչափ էր։
Հոկտեմբերի վերջին տասնօրյակին արդեն հստակ էր՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից միակն է, որ Երևանի և Բաքվի վրա ազդելու իրական լծակներ ունի, այդ երկրի ղեկավարը միակն է, որ ի վիճակի է ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր գործադրել՝ փորձելով դադարեցնել Ռուսաստանի հարավային սահմանների հարևանությամբ բռնկված լայնածավալ պատերազմը։
Ռուսաստանի նախագահի հարցազրույցը հրապարակվեց 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց՝ 2020-ի նոյեմբերի 17-ին։ Եվ հենց այդ հարցազրույցից էր, որ Հայաստանում առաջին անգամ տեղեկացան, որ պատերազմի չորրորդ շաբաթը կարող էր դառնալ վերջինը։
«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից առաջ քաշվող պարտադիր պայմանը՝ փախստականների վերադարձն էր, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները իսկ հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի, այդ թվում՝ Շուշիի նկատմամբ», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։
Ադրբեջանի նախագահն, ի դեպ, այդ օրերին ևս խոսում էր Շուշի՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի, բայց ոչ այդ քաղաքը հայկական վերահսկողությունից դուրս բերելու և Բաքվին հանձնելու մասին։