Ինչո՞ւ է աճում կորոնավիրուսով հիվանդների թիվը
«Ընդանուր առմամբ, այս շաբաթ կորոնավիրուսի թվերը 300-ով ավելացել են, ցավոք, արդեն մահվան դեպքեր ունենք: Հայտնի փաստ է, որ մահերի ավելացումը հաջորդում է հիվանդների թվի ավելացմանը մոտավորապես երկու-երեք շաբաթ անց»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Նրա խոսքով՝ թվերի աճը կանխատեսելի էր, քանի որ քովիդը դարձել է մարդկության շրջանում պտտվող վարակներից մեկը, հետևաբար՝ կարող է լինել թվերի բարձրացում, բռնկումներ:
«Կորոնավիրուսի համավարակի թվերի բարձրացման պատճառներից առաջինն այն է, որ ժամանակի ընթացքում մարդկանց բնական կամ արհեստական ճանապարհով ձեռքբերված իմունիտետը նվազում է: Երկրորդ գործոնը՝ վարակի տեսակի փոխվելն է, որն ավելի հեշտ է պատնեշներն անցնում: Երրորդ՝ որոշակի դերակատարում ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկները գնում են այլ երկրներ, գալիս, շփումներ ունենում, արդյունքում՝ վարակը տարածվում է»,-նշեց մասնագետը:
Ըստ նրա՝ այնպիսի ծանր իրադարձություններ, ինչպիսին 2021թ. աշնանը և 2020թ. ամռանն ու աշնանն են եղել, չեն արձանագրվի, քանի որ նախ շրջանառվող վարակի տեսակներն ավելի հեշտ են տարածվում, բայց զիջում են նախկին տեսակներին, հետո՝ ամեն դեպքում պատվաստումերի գործընթացն ընթանում է և իր արդյունքը տալիս:
«Ինչպես սեզոնային գրիպի դեմ էին սովոր մարդիկ պատվաստվել, նույն տրամաբանությամբ արդեն պետք է ընկալեն քովիդը, և հատկապես խոցելի խմբերը չպետք է խուսափեն պատվաստվելուց, պետք է պատվաստվեն՝ ըստ ՀՀ ԱՆ ժամանակացույցի»,-ավելացրեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում ստանալ դուստր կամ խթանիչ դեղաչափ:
«Խորհուրդ է տրվում պատվաստումների ամբողջական ցիկլը ստացած մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերին, ստանալ նաև դուստր կամ խթանիչ դեղաչափ հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից պաշտպանվելու համար: Ցավոք, Հայաստանում խթանիչ դեղաչափով պատվաստված մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ, ընդամենը՝ 60 հազար մարդ: Որպես օրինակ, կարող եմ բերել Եվրամիության տվյալները. Եվրամիության ամբողջ բնակչության՝ 300 մլն մարդ, 63 տոկոսը, մոտավորապես՝ 180-200մլն-ը, ստացել է դուստր դեղաչափը: Իսկ չորրորդ դեղաչափի ստացման վերաբերյալ դեռևս մանսագիտական կոնսեսուս չկա»,-նկատեց նա:
Խոսելով սահմանափակումների մասին՝ նշեց, որ պետք է հաշվի առնել տեղական կոնտեքստը:
«Այն, ինչ միջազգային կառույցների ներկայացուցիչներն ասում են, պարտադիր չէ կիրառել մեր իրականության մեջ, քանի որ անգամ համավարակի ծանրագույն օրերին, երբ օր է եղել՝ 80 մարդ ենք կորցրել, որը խելագարվելու թիվ է, հանրության շրջանում չի եղել սահմանափակումների պահանջ: Իսկ այն սահմանափակումները, որոնք ֆորմալ ձևով սահմանվել են, պետք է անկեղծ լինենք, իրական կյանքում այնքան էլ լավ չեն պահպանվել: Այդ համատեքստում՝ թղթի վրա սահմանափակումներ դնել, որոնք մարդիկ չեն կատարելու, այդքան էլ ճիշտ չէ. դրանք ավելի շատ առաջացնում են վարակի դեմ պայքարի նկատմամբ խորը անվստահություն, որից հետո սկսվում են տարածվել դավադրության մասին տեսությունները»,-ասաց Մելիք- Նուբարյանը:
Իսկ թե ինչպես պաշտպանվել վարակից, կանոնները շատ պարզ են.
«Առաջին հերթին՝ պատվաստվել, մանավանդ, որ պատվաստումների մեկնարկից անցել է արդեն 1,5 տարի և մտավախություն առաջացնող որևէ լուրջ հետևանք չի արձանագրվել, երկրորդ՝ հետևել հակահամաճարակային պարզ կանոններին՝ պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդության ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը, դիմել բժշկի, չայցելել մարդաշատ վայլեր, չզբաղվել ինքնաբուժությամբ»,-իր խոսքը եզրափակեց մասնագետը: