«Կարմիր խնձորի» մասին
Դժվար է ասել, թե երբվանից են հայերը հավատարիմ «կարմիր խնձորի» գաղափարին:
Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են «կարմիր խնձորի» ավանդույթը: Հայտնի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին: Հետո արդեն այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանք հովանավորվում էին Աստղիկ աստվածուհու կողմից:
Հետագայում «կարմիր խնձորի» գաղափարը փոփոխվել և հասել է մեզ մեկ այլ ծայրահեղությամբ՝ կուսությունը պահպանել մինչև ամուսնանալը և որպես դրա վկայություն՝ կարմիր խնձորներ տանել աղջկա ընտանիք:
Այսպես կոչված «կարմիր խնձորի» առկայության ստուգումը ևս հատուկ կարգ ուներ: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարևաններ, բամբասկոտ կանայք: Նրանց բոլորի ներկայությամբ սկեսուրը ցույց էր տալիս ամուսնացած զույգի առաջին գիշերվա սավանը: Հայաստանի որոշ բնակավայրերում նույնիսկ սկեսուրը առաջին գիշերվա սավանն առնում, ընկնում էր դռնեդուռ և ցույց տալիս հարևաններին՝ որպես հարսի անմեղության և մաքրության ապացույց:
Ինչ վերաբերում է մրգի և գույնի ընտրությանը, հեթանոսական և հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: