Մբապեն ՊՍԺ-ի նախագահին հայտնել է, որ այս ամռանը չի հեռանա և չի ընդունի ոչ մի առաջարկ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հայտնել է, որ այս ամռանը չի հեռանա թիմից եւ չի ընդունի ոչ մի առաջարկ այլ ակումբներից, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
ՊՍԺ-ի ղեկավարությունը չի ընդունում այս տարբերակը, որպեսզի հաջորդ ամռանն անվճար բաց չթողնի ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ ՊՍԺ-ն ու Մբապեն նախնական բանավոր պայմանավորվածություն են ունեցել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս երկարաձգելու մասին։
Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում եւ ցանկանում է հաջորդ ամռանն անվճար միանալ Մադրիդի «Ռեալին»։ Անցած մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։