Մարտունու մարզադպրոցի սանը հաղթել է միջազգային կարգի առաջնությունում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը հաղթող է ճանաչվել Երեւանում կայացած թիմային ձեւաչափով բռնցքամարտի միջազգային առաջնության խաղերում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը, Նարեկ Զախարյանն անցկացրել է երեք մենամարտ եւ երեքում էլ հաղթող է ճանաչվել: Առաջին մենամարտում մեր մարզիկը հաղթել է Իրանի Հանրապետության չեմպիոն Ֆարհադ Մորադի Արաշգահին, 2-րդ մենամարտում վստահ հաղթանակ տոնել Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնի՝ Ուկրաինան Ներկայացնող Մաքսիմ Մոլադանի, 3-րդ մենամարտում՝ Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից վրացի Մադի Էսկերխանի նկատմամբ:
«Նարեկի հաղթանակը մեզ համար էլ անսպասելի էր, քանի որ նա մեծահասակների առաջնությանը մասնակցում էր որպես երիտասարդ կամ ցածր տարիքի բռնցքամարտիկի կարգավիճակում։ Մյուս կողմից էլ նա մրցում էր Իրանի Չեմպիոնի, ինչպես նաեւ Ուկրաինան ու Վրաստանը ներկայացնող մարզիկների հետ, ովքեր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներ ունեն։ Սա լուրջ նվաճում է մեր մարզադպրոցի, մեր մարզիկի համար, ինչը մեզ վստահեցնում է, որ մեր լուրջ նվաճումները միջազգային հարթակներում առաջիկայում երկար սպասեցնել չեն տա»,-ներկայացրեց Գեւորգ Սարգսյանը։