Թաղենք՝ գնա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանյան կառուցապատող ընկերություններից մեկը շենքի շինարարությունը գրեթե ավարտին հասցնելու օրերին շինարարական աղբը համապատասխան վայր տեղափոխելու փոխարեն թողել է այն շենքի հարևանությամբ և ծածկել հողի շերտով: Ասել է, թե՝ հետքերն է մաքրել:
Խոսքը Նալբանդյան, Սայաթ–Նովա, Թումանյան և Ավագ Պետրոսյան փողոցների հատման կենտրոնում «վեր հառնած» բազմաբնակարան շենքի մասին է, որտեղ երևույթին այլ բնորոշում չի կարելի տալ, քան՝ անվանելով այն աղբի թաղում:
Խնդրի մասին սրանից երկու շաբաթ առաջ բարձրաձայնեց «Ելք» դաշինքի ու Քաղաքացիական կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում: Ու մինչ փորձում էր հասկանալ, թե ով պետք է խնդրով զբաղվի՝ իր ավագանու անդամ ու ճարտարապետ ընկերների հետ խորհրդակցելու արդյունքում, աղբն արդեն անհետացել էր՝ ծածկվելով հողի լայն շերտով:
«Փաստի» հարցին, թե ինչպես կարողացավ նման «կանխատեսում» անել, ասաց, որ կուտակված աղբի դիմաց պատ էին շարում, ինչը գտնվում էր թեքահարթակի պես կորության վրա. «Տարբեր շենքերի մոտ տեսել եմ նման հատվածներ, որոնց վրա սովորաբար խոտածածկ է աճեցվում: Եթե պատը շարում են առանց աղբը հանելու, հասկանալի է, որ դրանից հետո դժվար թե հանեն: Ենթադրության պատճառը սա էր: Հիմա շենքի մյուս կողմում էլ է աղբ գոյացել, որտեղ դեռևս հող չեն լցրել: Սա է իրենց պրակտիկան»:
Կառուցապատող ընկերությունը տվյալ դեպքում պետք է իրականացներ աղբի տեղափոխում, բայց թե կառուցապատող ընկերությունը նորմերն ինչպես է խախտում և թե դա ով է վերահսկում, հայտնի չէ:
Նարեկը աղբի վերացման նման տարբերակը բացատրում է մեկ նախադասությամբ՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով: Ասում է, թե այդ աղբի փոխարեն ևս մեկ մեքենա հող պիտի բերեին, որպեսզի տարածքը հարթ ծածկվեր: Իսկ այս դեպքում խնայել են.«Դրա փոխարեն մի բան կառնեն, կուտեն»,– ժպտալով ասում է նա:
Ըստ ՔՊ անդամի՝ խնդիրն այստեղ աղբի մեջ չէ կայանում: Կարևորը վերահսկողության խնդիրն է: Այս դեպքում կարելի է ասել՝ դրա բացակայության: Նարեկն ասում է, որ կան շատուշատ նորմեր կապված նաև անվտանգության հետ, իսկ վերահսկողության բացակայության ժամանակ, կառուցապատողն ամեն ինչ անում է ըստ իր հայեցողության՝ ավելի էժան անել, ավելի մեծ շահույթ ունենալ սկզբունքով:
«Խնդիրը միայն աղբը չթափելու մեջ չէ, այլ նրանում, որ չկա նորմալ վերահսկողություն կառուցապատողների նկատմամբ: Ավելի հեռահար պետք է նայել, պետք չէ մտածել, թե ինչ կարող է լինել: Պարզապես նորմալ երևույթ չէ: Ոչ մեկի մտքով չի կարող անցնել, որ 21–րդ դարում պետք է նման շինարարություն անել»,– նկատեց մեր զրուցակիցը:
Նշում է, թե այս պրակտիկան նոր չէ՝ սովետից եկած ավանդույթ է: Նարեկը հիշում է՝ այն ժամանակ էլ բետոնի ու երկաթեղենի տարբեր կտորներն էին թողնում հողի տակ: «Հիշում եմ՝ փոքր ժամանակ խաղալիս հողի տակից նման աղբ էր դուրս գալիս կամ երբ ուզում էինք ծառ տնկել, փորում էինք ու հասկանում, թե ինչու ծառերը չէին աճում»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ սրա հետ կապված նշեց, որ խնդրին տեղյակ չէ, բայց որպես քաղաքացի՝ համարում է անընդունելի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում