Հայկական չիրը մրցունակ չէ. ի՞նչ պետք է անել ոլորտը զարգացնելու համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չրի արտադրության ծավալներից այս տարի դժգոհ չէ Արարատի մարզի «Հայկական Չրեր» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ կարողացել է բավարար քանակությամբ միրգ չորացնել: Նախորդ տարի ցրտահարության, կարկտահարության պատճառով արտադրության ծավալները նվազել էին, այսօր նման խնդրի առաջ չեն կանգնել:
Տեղական շուկայից բացի, չրագործն իր արտադրանքը ռուսական շուկայում է փորձում իրացնել: Նրա խոսքով, սակայն, հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ:
«Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական չրերի համեմատ: Մեզ մոտ շատ թանկ է նստում արտադրությունը: Մեր երկրում չրային տնտեսությունները դեռ բավարար չափով չեն ձևավորվել: Սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից բոլորը խնդիրներ են ու մեր չիրը չի կարողանում մրցունակ լինել»,– խնդիրները թվարկեց նա:
Արմեն Մանուկյանն ասաց, որ միջինասիական չրի արտահանումը պետական ռազմավարության մակարդակի վրա է դրված, Հայաստանում նման ծրագիր չկա:
Եվրոպական շուկան էլ չրագործի համար երազանք է մնում:
«Արտահանումն այնպիսի բան չէ, որ ուզենաս ու անես, արտահանում լինելու համար պետք է գնորդ առաջանա: Անհրաժեշտ է մասնակցություն Եվրոպայում անցկացվող ցուցահանդեսներին»,– նշեց արտադրողը:
«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ–ի տնօրեն Սանդրո Աբովյանի պնդմամբ՝ դրսի շուկայում հայկական չորացրած միրգը գնային պահանջով մրցունակ չի կարող լինել, քանի դեռ արտադրողը հումքը թանկ է գնում:
«Թուրքիայում ծիրանն էժան է, որ նույնիսկ գինն էլ չգիտեն: Ինքնարժեքի 70%–ը հումքն է միայն: Արդեն ուրիշ բաներ են ուզում անել՝ պարսկական չրերը հայկականի անվան տակ տանել»,– մատնանշեց նա:
Վերջին երկու տարում չրի արտադրության ծավալները կրկնապատկվել են՝ շտապեց հավելել Սանդրո Աբովյանը:
«Մեծ ներդրումներ այս արտադրության մեջ պետք չեն: Ով գումար ունենում է, կարողանում է չրի արտադրություն դնել: Մի 20–30 տնտեսություն ավելացել է: Դրանք արտադրանքը դուրս են տանելու»,– փոխանցեց ՀԿ տնօրենը:
Հայաստանում չրագործությունը զարգացնելու համար, ըստ «Հայկական Չրեր» ընկերության տնօրենի, կառավարությունը պետք է ռազմավարություն մշակի: Պետք է զարգացնել գյուղացիական տնտեսությունները՝ մասնավորապես չրի համար առավել բարենպաստ սորտերի զարգացման ուղղությամբ:
«Մեզ մոտ ագրոֆունդամենտը թույլ է, չկա մրգերի ձեռքբերում պայմանագրային հիմունքներով, սա խոսում է շուկայի անկայուն վիճակից: Միայն խաղողի դեպքում է պայմանագրային հիմունքներ գործում, մնացածը կամայական սկզբունքով են»,– նկատեց մեր զրուցակիցը:
Հանրապետությունում գործում է ավելի քան 250 արևային չորանոց: Դրանց ավելի քան 60 տոկոսը Արմավիրի և Արարատի մարզերում են, հենց այստեղ էլ պատրաստվում է արտադրվող չորացված պտուղ–բանջարեղենի շուրջ 40–50%–ը: Տարեկան արտադրվում է 2000 տոննայից ավել չորացված պտուղ բանջարեղեն։ Շուրջ 30%–ն արտահանվում է։ Չնայած արտադրության ծավալների ավելացմանը՝ չրագործները նշում են, որ ներկրված ապրանքը, լինելով հայկական չրից ավելի էժան, մրցակցության խնդիրներ է ստեղծում նաև ներքին շուկայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում