Հիվանդ ձևացող դատավորների մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարի Սարի թաղում հուլիսի 19–ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանն արդեն 1 տարի 4 ամիս է գտնվում է անազատության մեջ: Նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը, բազմիցս բարձրաձայնել է ամուսնուն անհիմն կալանավորելու փաստը, սակայն բողոքի ակցիաները թե՛ կառավարության, թե՛ արդարադատության նախարարության շենքերի դիմաց, ըստ էության, օգուտ չտվեցին: Իշխանությունները կամ ականջներն են փակել, կամ էլ՝ աչքերը, չտեսնելու ու չլսելու տալով միակ կերակրողից զրկված ընըանիքի մոր` արդարություն իրականացնելու պահանջը:
Լալան պատմում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են դատավորի հիվանդ լինելու պատճառով: Տարակուսում է, այդ ինչպես է լինում, որ իրենց դատական նիստերի ժամանակ դատավորը հիվանդ է, սակայն նույն ժամանակահատվածում այլ դատական նիստեր քննելուց չի զլանում: Ասում է, թե տեսել է դատավորին հեռուստատեսությամբ` այլ դատական գործ քննելիս:
Լալան վերջին անգամ ամուսնուն այցելել է մեկ շաբաթ առաջ ու ամուսնու վիճակը բնութագրող մի խոսք է ասում.«Շատ վատ վիճակում է, այնտեղ մնացողներից ով է լավ»: Ասում է, թե այլևս ուժերը սպառվել են, ինքն էլ՝ հուսահատվել. «Ոչ մի տեղ մեր խոսքը չանցավ, արեցին այնպես, ինչպես իրենց պետք էր ու չնայեցին անգամ, որ ընտանիքները կարիքի մեջ են թողնում»:
Ամուսնու ազատության համար ավելի քան մեկ տարի պայքարող կինն այսօր թևաթափ է եղել՝ նշելով, թե այժմ ուզում է տեսնել իրենց արդարադատությունը: Միաժամանակ հավելելով, որ իր ամուսինը արդեն 1 տարի 4 ամիս է անհիմն կերպով գտնվում է ազատազրկման մեջ, և դեռ հայտնի չէ, թե նրան ինչ է սպասվում:
«Անաչառ դատավոր չկա: 10–ին գցեցին բերդ, գործ սարքեցին: Էդ գործը մնացել է իրենց կոկորդին, որովհետև 1 տարի 4 ամիս է չեն կարողանում մեղադրանքներն ապացուցել: Իսկ ով պետք է պատասխան տա: Նրանք այնտեղ են կոտորվում, դրսում` մենք: Եթե մեկի ամուսինը մտնում է բերդ, նրա ընտանիքը ինչ վիճակում պետք է ապրի, նրանց հետաքրքիր չէ»,– նշեց Լալան:
Վերջին շրջանում Լալան այլևս դատական նիստերի չի գնում, որովհետև ասում է, թե դրանք դատական նիստ չի կարելի անվանել: Դատավորը գործը քննում է ու նիստը կրկին հետաձգում, որովհետև չի կարողանում վկա ապահովել: Ոստիկանները նախաքննական մարմնի մոտ ուրիշ ցուցմունք են տալիս, դատարանում՝ լրիվ այլ: Ասում է, թե գեթ մեկ անգամ չի լսել, որ դատավորը քննվող վկաներին կամ տուժողներին հարցեր տա. «Դատավոր կա հարցախեղդ է անում փաստեր հավաքելու համար, իսկ Ջանիբեկյանը սուսուփուս նստած է: Մեղադրողն ինչ ասի, գլուխը կախ լսում է:
Հիամ որ սա գնաց եվրոպական դատարան, ինչա լինելու Հայաստանը: Ամեն Աստծո օր վճիռներ են կայացնում: Չե՞ք ամաչում, պետությո՞ւն եք, թե կործանարար օղակ: Ամոթ է ուղղակի: Եվրոպական դատարանը ամեն օր ծիծաղում է մեր դատական համակարգի, անաչառ դատավորների բացակայության վրա: Պարտադիր է՝ ամեն մեկին կլորիկ գումար տալ աղքատ բյուջեից, նոր իմանալ, ճիշտը որն է, ու տարիներով մարդկանց փակել, ինչ է թե մարդիկ կենցաղային հարցեր էին բարձրացրել: Չեն թողնում խոսել, հո Ստալինը չի, նախկին ժամանակաշրջանը գալի՞ս է»,– ասաց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում