«Քանի դեռ չի արգելվել սառը թռչնամսի ներկրումը, մենք ուշքի չենք գալու». արտադրող. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած հանրապետությունում գրանցված թանկացումներին՝ թռչնամսի գները տեղական արտադրողները չեն բարձրացրել: Թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց՝ արտադրության ծավալներն ավելացել են, ինչի հետևանքով ապրանքի գինը չի բարձրացել:
«Գնային նվազումներ են տեղի ունենում»,– փաստեց թռչնամսի արտադրությամբ զբաղվողը:
Հայաստանյան արտադրողը թռչնամսի գները նվազեցնում է ներկրումների պատճառով: Մեծ քանակով ներմուծման պատճառով թռչնամիս, հավկիթ արտադրողները հայտնվում են դժվար կացության առաջ: Ըստ արտադրողների՝ էժան թռչնամիս Հայաստանը ներկրում է հիմնականում Բրազիլիայից և Ուկրաինայից: Դրանք ոչ միայն գնային առումով են անհամեմատելի տեղական արտադրության հետ, այլև՝ համային:
«Ինքը, սենց ասած, «զիբիլ» է: Ինքը սրսկած հավ է, էդ հավի թևիկները դնում ես, որ ժարիտ անես, չորանում դառնում է ոսկոր: Մեր տեղական հավի թևիկը միս է, ոչ թե մեջը ջուր է սրսկած»,– մատնանշեց մեր զրուցակիցը:
Արտադրողները հավաստիացնում են, որ առաջիկայում էլ թռչնամսի շուկայում թանկացումներ չեն լինի:
«Քանի դեռ չի արգելվել դրսից սառը թռչնամսի ներկրումը, գնային աճ չի լինի, մենք ուշքի չենք գալու: Ժողովրդի 70%–ը ֆինանսական խնդիր ունի ու ստիպված էժան ներկրած թռչնամիսն է գնում: Եթե մենք մեր ապրանքի գինը բարձրացնենք, ո՞վ կգնի»,– հարց բարձրացրեց արտադրողը: Նրանց փոխանցմամբ՝ հավկիթի արտադրության ծավալները ևս ավելացել են:
Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, սեպտեմբեր ամսին օգոստոսի համեմատ հավկիթի գինը նվազել է 0,6%–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում