ԼՂ հարակից 7 շրջաններից ցանկացածի հանձնումը հանգեցնելու է շփման գծի կոնֆիգուրացիայի աղետալի վատթարացման. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի խոսքը, թե Հայաստանը քննարկում է մի քանի շրջան վերադարձնելու հարցը: Շրջաններ, որոնք չեն սպառնա ԼՂ–ի անվտանգությանը և խնդրի հանգուցալուծմանն ընդհանրապես: Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ փորձենք պարզել, թե այդ որ շրջանների հանձնումն է, որ չի սպառնա ԼՂ անվտանգությանը:
Հայտնի է, որ ԽՍՀՄ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ՍՍՀ–ի հետ անմիջական սահման չի ունեցել, քանի որ արհեստականորեն զրկվել է դրանից դեռ 1930–ականներին: 1992–94 թթ. պատերազմի տարիներին Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնվել է Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանների նկատմամբ հսկողություն սահմանելու արդյունքում: Իսկ ընդհանրապես այսօր ԼՂՀ–ի կազմում են գտնվում նախկին Ադրբեջանի ՍՍՀ–ի 7 շրջանների՝ Աղդամի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի տարածքների մի մասը:
Բավական է մի հայացք նետել քարտեզի վրա հասկանալու, թե ինչ աղետալի ձևով կփոխվի շփման գծի կոնֆիգուրացիան, եթե այդ տարածքներից թեկուզ մեկը հանձնվի Ադրբեջանին: «Շփման գիծը կդառնա շատ ավելի երկար: Կզրկվի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից (դա հատկապես վերաբերում է Քելբաջարի շրջանին): Իսկ Լաչինի շրջանով անցնում է Հայաստանն ու ԼՂՀ–ն իրար միացնող հիմնական ցամաքային ճանապարհը, ուստի այդ տարածքի նշանակության մասին խոսելն իսկ ավելորդ է»,– համոզված է փորձագետը:
Շփման գծի երկարության վրա էլ ավելի շատ են ազդում Զանգելանի, Ֆիզուլի և Ջեբրաիլի շրջանները: Դրանք սահմանակցում են Իրանի հետ, հետևաբար հակամարտությունից «բացառում են» սահմանի հսկա հատված: Այդ տարածքները հանձնելու դեպքում ստիպված ենք լինելու պաշտպանել և պահպանել ներկա սահմանից գրեթե կրկնակի երկար տարածք, ինչն ակնհայտորեն թուլացնելու է հայկական դիրքերը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԼՂՀ–ն ու Հայաստանը ունեն պակաս մոբիլիզացիոն ռեսուրս, քան Ադրբեջանը:
«Իսկ Աղդամի շրջանը հանձնելու դեպքում Ստեփանակերտը հայտնվելու է շփման գծից ընդամենը 15 կմ հեռու և կարող է հրետակոծվել փողային հրետանու կողմից: Բացի այդ էլ, օպերատիվ տեսադաշտն ուղղակի կփակվի»,– կարծում է Լ. Ներսիսյանը:
Վերը նշվածին, սակայն, հարկ է ավելացնել մեկ այլ շատ կարևոր հանգամանք նույնպես: Ավելի քան 20 տարի ԼՂՀ սահմաններն ինտենսիվորեն ամրացվում են: Կառուցվել են ամրաշինական կառույցներ, ստեղծվել են ականադաշտեր: Ամբողջ համակարգը կառուցվել է պաշտպանելու հենց այն տարածքները, որոնք այսօր դե ֆակտո վերահսկվում են ԼՂ և ՀՀ զորքերի կողմից:
Բավարար է հանձնել թեկուզ մեկ շրջան կամ դրա մի մասը, որպեսզի պաշտպանական ամբողջ համակարգում առաջանա վիթխարի ճեղք, որը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու: Ստիպված ենք լինելու փոխել ամրաշինությունները նաև հարևան հատվածներում: Իսկ այդ ընթացքն Ադրբեջանին «ժամանակի պատուհան» կտա իրականացնելու ռազմական նոր ագրեսիա՝ իր համար շատ ավելի շահավետ դիրքերից:
Այնպես որ, դժվար է ասել, թե կոնկրետ որ շրջանը նկատի ուներ մեր արտգործնախարարը և վերը նշված սպառնալիքներից որն է պակաս կարևորը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում