Թաթուլ Մանասերյան. «Աղքատության կրճատման հարցում որևէ բան չի արվել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը
– Պարոն Մանասերյան, Հայաստանում աղքատության ցուցանիշը 30%–ից ավել է: Լրացել է Կառավարության գործունեության մեկ տարին, ըստ Ձեզ, նոր ձևավորված կառավարությանը հաջողվե՞ց երկրում աղքատությունը մեղմել:
– Գնահատականներն ինքնին արդեն պարզ են: Դուք ի՞նչ եք տեսնում՝ աղքատությունը նվազել է, թե՞ ավելացել: Պարզ է, որ ավելացել է: Ցանկացած քաղաքացի այդ հարցի պատասխանը գիտի: Աղքատության կրճատման հարցում որևէ բան չի արված: Աղքատության ցուցանիշը մեղմելու գործում երկու բան պետք է արվեր: Առաջին՝ կառավարությունը պետք է աներ այն, ինչը նշել էր իր ծրագրում, իսկ մեկ տարին, այնուամենայնիվ, քիչ ժամանակ չէ առաջին քայլերը կատարելու և արդյունքները դրսևորելու համար: Երկրորդ՝ երկրում աղքատությունը նվազեցնելու համար ամենամեծ ներդրումը, որ արվում է , մարդկային կապիտալի աճն է, այսինքն՝ գիտության, կրթության ասպարեզում ձեռքբերումները: Նշենք նաև, որ այս պարագայում հատկապես երիտասարդների՝ ուսանողների, շրջանավարտների համար աշխատանքային նորմալ պայմանների ստեղծումն է: Այս ուղղությամբ ևս ոչինչ չի արված: Ես մշտապես կառավարության ուշադրությունը սևեռել եմ այս փաստի վրա, որ մինչև երիտասարդների համար աշխատանքային նորմալ պայմաններ չստեղծվեն, մնացած բոլոր ծրագրերը կարող են վտանգի տակ լինել: Այդ ծրագրերի կատարողները, որովհետև, հենց երիտասարդներն են: Իմ կարծիքով այստեղ լուրջ տեղաշարժ չկա:
– Աղքատության ցուցանիշը մեղմելու քայլերը որո՞նք պետք է լինեին, արդյո՞ք թոշակների, նպաստների ավալեցումը դեր կխաղար բնակչության սոցիալական վիճակը բարելավելու հարցում:
– Նախ նշեմ, որ սոցիալական ապահովությունը չի նշանակում աղքատության կրճատում: Իմ համոզմամբ՝ կարևոր է երկրում սոցիալական պաշտպանությունը: Դրանից ավելի կարևոր է, որ մարդիկ, ովքեր չեն աշխատում, բայց աշխատունակ են, նրանց համար պայմաններ ստեղծել աղքատությունը հաղթահարելու համար: Աղքատությունը հաղթահարում են աշխատատեղ ստեղծելով, ոչ թե նպաստ բաժանելով: Որևէ երկիր չի զարգացել նպաստ ստանալով, այլ զարգացել են, քանի որ աշխատանք է եղել:
– Կառավարության մեկ տարվա հաշվետվությունում ասվում է, որ արտահանումն աճել է: Աճ է գրանցվել հանքարդյունաբերության ոլորտում, արդյունաբերական արտադրանքի, զբոսաշրջության ոլորտում: Իրատեսական ե՞ն այս ոլորտներում գրանցված աճի տեպերը:
– Մի քանի ամիսների տնտեսական աճը դեռ ոչինչ չի ասում, որովհետև Հայաստանի տնտեսության մեծ մասը սեզոնային բնույթ ունի` մասնավորապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը: Պետք է չշտապել և պետք է տեսնել, թե ինչի հաշվին է այդ աճը գրանցվում:
– Պարոն Մանասերյան, որքա՞ն տնտեսական աճ եք կանխատեսում:
– Վաղ է հիմա որևէ բան ամփոփել, տարին դեռ չի ավարտվել: Անցյալ տարի զրոյի շուրջ է եղել: Անցյալ տարի երկու կառավարություններ են եղել: Այս տարի դեռ վաղ է կանխատեսել, դեռ տարվա ավարտին ժամանակ կա: Պետք է նկատի ունենալ, թե ինչի հաշվին է տնտեսական աճ գրանցվելու:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում