Բյուլբյուլօղլին ու անցյալի ստվերները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսական մի քանի լրատվականներ տեղեկություն են տարածել այն մասին, որ ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին դեսպանատան աշխատակիցներին արգելել է այցելել ծագումով ադրբեջանցի ԽՍՀՄ հայտնի երգիչ Մուսլիմ Մագոմաևին նվիրված միջոցառումներին:
Ադրբեջանական դեսպանատունը, իհարկե, արագ արձագանքել է այս տեղեկությանը: Բնականաբար, նշել է, որ նման բան չկա, որ դա արվում է Բյուլբյուլօղլուին վարկաբեկելու նպատակով: Այդ հոդվածները համարում են «Ադրբեջանական լվացքատան» շարունակությունը: Թեպետ «պատվիրատուների» անուններ չեն նշել, բայց այս անգամ էլ դրանց թիկունքում, ամենայն հավանականությամբ, կտեսնեն Ռուսաստանի հայ համայնքի հետքը:
Ըստ նրանց, այդ հոդվածները տպագրվել են այն պատճառով, որ շուտով՝ նոյեմբերին տեղի են ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի ընտրությունները: Իսկ ինչպես հայտնի է, Բյուլբյուլօղլին առաջադրված 9 թեկնածուներից մեկն է: Մինչ այս պահը Ադրբեջանում գրեթե վստահ էին, որ հաղթելու է հենց իրենց թեկնածուն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն նախկին գլխավոր քարտուղար, Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովան ընդգծված դրական վերաբերմունք ուներ Ադրբեջանի նկատմամբ: Բայց վերջին օրերին «Ադրբեջանական լվացքատունը» լույս սփռեց նաև այդ «դրական վերաբերմունքի» իրական պատճառների վրա: Արևմտյան մամուլում հրապարակված տեղեկությունների համար 2013 թ. հոկտեմբերի 25–ին 20 հազար եվրո է փոխանցվել Կալին Միտրևի հաշվեհամարին, ով նույն Իրինա Բոկովայի ամուսինն է: Փոխանցման նպատակը նշվել է «կառավարչական ծառայություններ» անվանումով: Դրանից երեք օր առաջ նրա կինը կազմակերպել էր «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» լուսանկարչական ցուցահանդեսը: Ընդհանուր առմամբ, 2012–2014 թթ. Կալին Միտրևը բրիտանական ֆիկտիվ ընկերությունից ստացել է 425 հազար եվրո: Բուլղարիայի կառավարությունը այս գործով հետաքննություն է սկսել: Իսկ դրա արդյունքները Ադրբեջանի համար դժվար թե դրական լինեն:
Կա մեկ այլ հարց ևս: Դեսպանատան պաշտոնական արձագանքի մեջ նշվում է, որ Մագոմաևի նկատմամբ Բյուլբյուլօղլու վերաբերմունքն «անձնական հարց է, և թեմայի արծարծումը ԶԼՄ–ներում էթիկայի կանոններին չի համապատասխանում»: Նման ձևակերպումն ունի խիստ հստակ շարժառիթ: Դեռ երիտասարդ տարիներին Մագոմաևն ու Բյուբյուլօղլին Բաքվում ապրել են նույն շենքում, եղել են հարևաններ: Հետագայում՝ արդեն Մոսկվայում ապրելու տարիներին, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց հարաբերությունները խիստ լարվել են: Բյուլբյուլօղլու միջամտությամբ Մագոմաևի մի քանի համերգներ չեղարկվել են: Իսկ Մագոմաևը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից՝ նշելով. «Ես չեմ ցանկանում ապրել մի երկրում, որտեղ մշակույթն այսքան երկար ու մեթոդաբար ավերվում է նման «անմշակույթ» նախարարի կողմից»: Իսկ այդ «անմշակույթ» նախարարը հենց Բյուլբյուլօղլին էր, ով 18 տարի ղեկավարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը: Ավելին, այդ տարիներին Բյուլբյուլօղլին խարդախության միջոցով ձեռք է գցել Մագոմաևի՝ Բաքվի բնակարանը, ինչը էլ ավելի է խորացրել նրանց թշնամանքը:
Այնպես որ, տարածված տեղեկությունը, թե Բյուլբյուլօղլին դեսպանատան աշխատակիցներին արգելել է այցելել Մագոմաևին նվիրված միջոցառումներին, այնքան էլ հիմնազուրկ չէ: Հատկապես եթե հաշվի առնենք թուրքական ոխակալությունն ու հիշաչարությունը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում