Կիրան Տրիպյեն ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում
«Նյուքասլի» եզրային պաշտպան Կիրան Տրիպյեն հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Ես երբեք չեմ մտածել, որ կխաղամ իմ երկրի համար, և հավաքականի կազմում կանցկացնեմ 54 հանդիպում: Կյանքիս մեծագույն նվաճումներից մեկն էր իմ երկիրը ներկայացնել չորս խոշոր մրցաշարում:
Կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել Գարեթին և ողջ անձնակազմին, այն վստահության համար, որ նրանք տվել են ինձ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին. մենք ունեինք մի քանի յուրահատուկ պահեր՝ հասնելով երկու եզրափակիչ և Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ, և ես վստահ եմ, որ Անգլիայի այս սերունդը ապագայում կհաղթի մեծ մրցաշարում, լավագույնն եմ մաղթում հավաքականին ապագայում։
Եվ վերջապես, մեծ շնորհակալություն եմ հայտնում Անգլիայի բոլոր երկրպագուներին ձեր անհավատալի աջակցության համար, դուք ճանապարհորդում եք աշխարհով մեկ՝ մեզ աջակցելու և դժվար պահերին մեզ ոգեշնչելու համար»,- գրել է Տրիպյեն սոցցանցի իր էջում։
Նշենք, որ 33-ամյա խաղացողը «Երեք առյուծների» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։