Հայերն ու վրացիները որոշել են այլևս չկռվել. տեսահոլովակ, որ համացանցի հիթ է դարձել
Հայերն ու վրացիները որոշել են այլևս չկռվել: Աչի Պուրցելաձեի և Գագիկ Եզակյանի համատեղ երաժշտական կատարումն օրերցօր ավելի հանրաճանաչ է դառնում:
Երիտասարդ երգիչներ վրացի Աչի Պուրցելաձեի և հայազգի Գագիկ Եզակյանի երգը, կարծես, հիթ է դառնում: Նրանց «Հայաստանն ու Վրաստանը» երգը համացանցում բավական շատ դիտում ունի: Այն նաև կարելի է լսել Թբիլիսի փողոցներով անցնող մեքենաների միջից:
«2 երկիր՝ 2 գեղեցկուհի քույր»,-այսպիսին է երգի կրկներգը:
Սա հումորային երգ է հայերի ու վրացիների հավերժական պայքարի մասին, թե որն է ավելի լավ երկիր՝ Հայաստանը, թե՞ Վրաստանը: Տեսահոլովակում ի դեպ, հայտնի «Միմինո» ֆիլմից կա այն հատվածը, որտեղ Վալիկոն (Բուբա Կիկաբիձեն) և Ռուբիկը(Մհեր Մկրտչյան) քննարկում են, թե որ երկրում է աշխարհի ամենալավ ջուրը: