«Եկել եմ մի եզրակացության». Անահիտ Կիրակոսյանը՝ ամառային հանգստի չմեկնելու եւ «Անուղղելիներ»-ում իր կերպարի մասին
NEWS.am STYLE-ը գրում է.
Սեպտեմբերից հեռուստաէկրաններին կհայտնվի հեռուստադիտողի կողմից սիրված «Վերվարածները» հեռուստասերիալի շարունակությունը, որը եթերում կլինի «Անուղղելիները» անվամբ: Նախագծում արդեն իսկ հայտնի հերոսների կողքին կլինեն նոր կերպարներ, որոնցից մեկին մարմնավորում է հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտը խոսել է իր կերպարի, ցանկալի դերերի եւ ամառային հանգստի չմեկնելու պատճառների մասին.
«Մոտ մեկ ամիս առաջ եմ նախագծում նկարահանվելու առաջարկ ստացել: Շատ ոգեւորված եմ: Ֆիլմում մարմնավորում եմ Լիլիթի կերպարը: Նա 2 երեխաների մայր է, իսկ նրա ամուսինը Նարբեն է, որն Արբիի ազգակիցներից է: Ի դեպ, նրա դերում հանդես է գալիս Գրիշա Աղախանյանը: Հստակ դեռ չեմ կարող ասել՝ կերպարս դրակա՞ն է, թե՞ բացասական, երկու գծերն էլ ունի իր մեջ»:
Թեեւ Անահիտը չի նկարահանվել «Վերվարածները» հեռուստասերիալի նախորդ եթերաշրջաններում, նշում է, որ միշտ հետաքրքրությամբ հետեւել է նախագծի ընթացքին.
««Վերվարածներն» իսկապես ամենասիրված սերիալն է եղել: Ուսանողական տարիքից հետեւել եմ նախագծին: Միշտ սիրել եմ Մեծ Մամեին, որի դերում հանդես է գալիս իմ լավ գործընկեր Սերգեյ Դանիելյանը: Կարծում եմ՝ «Անուղղելիները» եւս կունենա հաջողություն, քանի որ դրա շուրջ աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, շատ լուրջ, հրաշալի սցենարիստ, լավ աշխատակազմ: Բացի այդ՝ կան կերպարներ, որոնք վաղուց են սիրվել եւ երբեք չեն կորցնի իրենց համն ու հոտը հեռուստադիտողի համար»:
Միշտ հումորային նախագծերում աչքի ընկած դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք այլ ժանրի ֆիլմերում իրեն չի՞ տեսնում.
«Այո, ճիշտ եք նկատել, գրեթե, բոլոր հեռուստանախագծերում հանդես եմ գալիս հումորային կերպարներով: Այդպես են ինձ տեսնում ռեժիսորները: Բայց 10 տարի թատրոնում աշխատելով՝ մարմնավորել եմ լուրջ եւ դրամատիկ կերպարների: Եկել եմ մի եզրակացության՝ սիրում եմ այն գործը, որը կատարում եմ, ու դա անում եմ նվիրված: Անկախ նրանից՝ որ ժանրում եմ նկարահանվում, ես սիրով եմ կատարում իմ գործը եւ սիրում եմ իմ խաղացած բոլոր դերերը»:
Անահիտի հետ խոսեցինք նաեւ ամառային հանգստի ծրագրերի մասին: Դերասանուհին նշեց, որ այս ամառ չի մեկնելու հանգստի:
«Հանգստի չենք մեկնում: Ամառն ինձ մոտ մեծամասամբ աշխատանքային է անցնում: Բացի հեռուստասերիալից՝ ունեմ նաեւ գեղարվեստական ֆիլմերի առաջարկներ: Ամռան վերջին ամիսը հագեցած է լինելու աշխատանքով: Հանգիստը երեխաներս են վայելում: Մեծ աղջիկս Դսեղում է, վայելում է Լոռվա բնությունը, մյուս աղջիկս մարզասրահ է հաճախում, իսկ տղաս 4 տարեկանում արդեն հաճախում է լողի: Երբ նրանք հանգիստ են, ես, որպես մայրիկ, ինձ արդեն լավ եմ զգում»,-ասում է դերասանուհին:
Սյունե Առաքելյան