«Հա, հղի եմ, գնացել եմ ԱՄՆ, որ ազատվեմ երեխայից». Անի Երանյան
Մամուլն արդեն անդրադարձել էր, որ Անի Երանյանը նախորդ ամիս խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու և կյանքի նոր մարտահրավերների մասին:
40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում:
Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:
Անի Երանյան. «Մտածում են` հղի եմ և ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, և կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետևել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին` «Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետև ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին` «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ: Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էր` արդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, և ստացել էր հետևյալ պատասխանը` «Հորս արև»: Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր` «Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: