Գյումրեցի երիտասարդը 33-ամյա կնոջ ձեռքից հափշտակել էր դրամապանակը և փախել. Կողոպուտը բացահայտվեց
Հուլիսի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում տվեց 33-ամյա մի կին: Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Շիրակացու փողոցում նրա ձեռքից հափշտակել էր դրամապանակը, մեջը` գումար և բանկային քարտ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկեց միջոցառումներ` կողոպուտը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ: Քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքը, ու թեև դեպքին ականատես չկար, բայց կար տարածքը տեսահսկող սարք: Արագ վերծանվեց տեսագրությունը, որը, սակայն, շատ բան չտվեց:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ` կողմնորոշիչներ ուղարկվեցին ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանումներ, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ պատրաստեց ու տարածեց:
Մեծածավալ աշխատանքը արդյունք տվեց երրորդ օրը: Ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողների համատեղ ջանքերով: Հուլիսի 19-ի կեսօրին գյումրեցի 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նա ներկայացվել է քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: