Թուրքիան և Չինաստանը` ընդդեմ «Հյուսիս–Հարավ» միջանցքի՞. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Եվրասիական միությունը և Իրանն ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Թեպետ նախկինում հայտարարվել էր, որ փաստաթուղթն ստորագրվելու է մինչև տարեվերջ, սակայն կողմերն ստիպված են եղել արագացնել գործընթացը: Այս տարվա մայիսին Չինաստանը նման համաձայնագիր կնքեց Վրաստանի հետ, իսկ հունիսի 19–ին Թուրքիան հայտարարեց, որ ազատ առևտրի գոտու համաձայնագիր է կնքել Նախիջևանի հետ: «Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն արդեն հաստատվել են Նախիջևանում: Մարզի հետ առևտուրը չի տարբերվի թուրքական մյուս քաղաքների հետ առևտրից: Գործառնություններն իրականացվելու են թուրքական լիրայով»,– ասել էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:
Վերլուծաբան Սարգիս Ծատուրյանի կարծիքով, սա հետաքրքիր միտում է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի սկզբին Անկարան Լոնդոնին կոչ էր անում ԵՄ–ից դուրս գալու հետո ազատ առևտրի համաձայնագիր կնքել: «Մեր աչքի առջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք Չինաստանից դեպի ԵՄ երկրներ, միջանցք, որն այլընտրանքային է Ռուսաստանին: Ու նրա գլխավոր օպերատոր է հանդես գալիս Թուրքիան»,– նշում է Ս. Ծատուրյանը:
Այս ընթացքում Իրանն ու Հայաստանը տագնապով են հետևում Անդրկովկասում Թուրքիայի ակտիվությանը, որը ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի օգնությամբ արժեզրկում է «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նշանակությունը: Իսկ «Հյուսիս–Հարավը» պետք է Անդրկովկասի երկրների միջոցով իրանական Բենդեր–Աբաս նավահանգիստը միացնի Սանկտ–Պետերբուրգի հետ: Այս պատճառով է, որ Իրանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանը համարում է «կամուրջ», որը «Իրանը կապում է Եվրասիական միության հետ»: Երևանի ու Մոսկվայի հետ միության շնորհիվ Իրանը պահպանում է մանևրի ազատությունը, որպեսզի քաղաքական կախվածության մեջ չընկնի Չինաստանից և Անկարայից: Պատահական չէ, որ այս տարի Իրանը Թուրքմենստանին ու Ղազախստանին մինչև 45% զեղչ է տրամադրել իր տարածքով անցնող և դեպի Պակիստանի հետ սահման գնացող երկաթուղային փոխադրումների համար, ինչի արդյունքում ապահովել է ապրանքի հոսք Միջին Ասիայից դեպի Պարսից ծոց:
«Սակայն Անկարան փորձում է ամեն ինչ անել իր կողմը քաշելու Իրանին: Թուրքիայի տրանսպորտի և ծովային հաղորդակցության նախարարն Իրանին հրավիրել է մասնակցելու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին, որը պետք է շահագործման հանձնվի այս ամսվա վերջին»,– նշում է վերլուծաբանը՝ նկատելով, որ թուրքական կառավարությունը մտադիր է ԲԹԿ ճանապարհի համար ստեղծել այլընտրանք՝ ի դեմս Կարս–Իգդիր–Նախիջևան նախագծի, որը դուրս կգա դեպի Իրան: Այս պահին Անկարան բանակցություններ է վարում Բաքվի և Թեհրանի հետ: Ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, նախագծի շինարարությունը կսկսվի, երբ բոլոր կողմերը հաստատեն ժամանակացույցը:
«Չինաստանն ու Թուրքիան աստիճանաբար մեծ խաղից դուրս են մղում հնդկա–ռուսա–իրանական «Հյուսիս–Հարավ» նախագիծը: Բանը հասել է նրան, որ Հնդկաստանում լրջորեն մտածում են Դաքա–Ստամբուլ (Բանգլադեշ–Բութան–Հնդկաստան–Նեպալ–Պակիստան–Աֆղանստան–Իրան–Թուրքիա) երկաթգծի մասին: Ու այստեղ խնդիրը ոչ այնքան Թուրքիան է, որքան Մեծ Բրիտանիան, որը ԵՄ–ից դուրս գալուց հետո Հնդկաստանին, Պակիստանին ու Չինաստանին արտոնյալ պայմաններով առևտրային գործընկերություն է խոստացել»,– նշում է Ս. Ծատուրյանը՝ նկատելով, որ այստեղ Ռուսաստանը մտածելու բան ունի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում