Արագածոտնում քաղաքացիները կամովին զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։
Մասնավորապես, Թալինի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 48-ամյա մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, որոնք, ըստ նրա, պատկանել են տարիներ առաջ մահացած եղբորը։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ Սասունիկ գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան ու փամփուշտներ։ Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ռյա թազա գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։