Ռազմավարական օբյեկտ. Հայաստանում Վեդիի ջրամբարում լայնածավալ շինարարություն է ընթանում
mir24.tv–ն գրում է, որ Հայաստանում՝ Արարատյան դաշտի հարավում, կառուցվում է Վեդիի ջրամբարը։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտը սկսել է կառուցվել դեռևս 2017 թվականին, սակայն տարբեր պատճառներով դրա գործարկումը հետաձգվել է։ Այժմ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է։
Շերտ առ շերտ քարի, կավի, ավազի և այլ նյութերի օգնությամբ կառուցվում է պատնեշ, որի կեսից ավելին արդեն պատրաստ է։ Շինարարության ավարտին այն կհասնի 85 մետր բարձրության, ի դեպ, դա կլինի Հայաստանի ամենաբարձր ամբարտակը։ Այժմ աշխատանքներ են տարվում միայն ամբարտակի վրա։ Շինարարները երաշխավորում են ուժ և ամրություն: Ջուրը ամբարտակով չանցնելու համար կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ։ «Մենք նախ այդ տեղամասից հանել ենք ամբողջ անորակ հումքը և կատարել կոնկրետ աշխատանքներ։ Հետո մի տեսակ վարագույր են պատրաստել, որի խորությունը 60 մետր է։ Նրա շնորհիվ է, որ մենք ջրամբարից ջրի կորուստ չենք ունենա»,- պատմել է Վեդիի ջրամբարի շինարարության տնօրեն Սերգեյ Սերեդան։ Արդեն պատրաստ են ջրամբարի պատերի բետոնե սալերը, փոթորկհեղեղային կոլեկտորը՝ ավելորդ ջուրը բաց թողնելու համար, և դրա բացթողման թունելը։ Մնում է խողովակների տեղադրումը, որոնցից մեկը ջուրը կհասցնի դաշտեր, երկրորդը կլինի վթարային, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում ջրամբարը դատարկելու համար։ «Դա 36 կիլոմետր խողովակ է։ Ոռոգման համակարգը բաղկացած է չորս ճյուղերից: Ջուր կմատակարարվի Արարատյան դաշտի 3200 հեկտար հողատարածքին ու ջրով կապահովի ութ համայնքի»,- ասել է Վեդիի ջրամբարի և ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Ջրառ կիրականացվի երկու գետերից՝ Խոսրովից և Վեդուց։ Հիմա ջուր վերցվում է Սևանա լճից և պոմպակայաններով մատակարարվում է ֆերմերներին։ Բայց ջրամբարը շահագործման հանձնելուց հետո ոչ միայն Սևանի էկոլոգիայի պահպանման հարցը կլուծվի, այլ նաև երկիրը տարեկան կտնտեսի մինչեւ 19 մլն կվտ էլեկտրաէներգիա։ «Սևանից ավելի քիչ ջրառ կիրականացվի, այնտեղ մակարդակը կբարձրանա, էկոհամակարգը կվերականգնվի։ Տեղի կունենա նաև ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ինչը կբերի ջրի խնայողության»,- ասել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը։
Ջրամբարի տարածքը 120 հա է։ Մինչեւ երկու միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վերջին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը