Գիտնականը պատմել է «օմիկրոն»-ի նկատմամբ իմունային համակարգի խոցելիության մասին
rbc.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը ուժեղ է ազդում օրգանիզմի իմունային համակարգի վրա, և որոշ բջիջներ կորցնում են իրենց արդյունավետությունը: Այդ մասին Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Սերգեյ Տոկարևը։
Կորոնավիրուսի էվոլյուցիան ստիպել է օմիկրոնին արտադրել ավելի շատ իմունիտետը ճնշող սպիտակուցներ: Դրա պատճառով բջիջները, որոնք պատասխանատու են իմունային պատասխանի ձևավորման համար, սկսել են կորցնել իրենց արդյունավետությունը: Ըստ Տոկարևի օմիկրոն շտամը ոչ միայն ճնշում է բջիջների զգայունությունը ինտերֆերոնների նկատմամբ (սպիտակուցներ, որոնք օրգանիզմն արտազատում է ի պատասխան վիրուսով վարակվելու), այլ նաև առաջացնում է իմունային հակազդող բջիջների (որոնք իմունային համակարգի մաս են կազմում) արտադրության նվազեցում։
Վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Մալիշևը RBC-ին տված հարցազրույցում համաձայնել է այն պնդման հետ, որ իմունային համակարգը ավելի մեծ չափով է տուժում «օմիկրոն»-ից։ «Այդպես է, այստեղ ոչ մի նոր բան չկա։ Բոլոր Covid-ների դեպքում, այսպես թե այնպես, տուժում է իմունային համակարգը։ Այն վնասվում է ոչ միայն հիվանդության ժամանակ, այլ նաև ավելի ուշ, եթե կա երկարատև կորոնավիրուս»,- ասել է նա։ Մալիշևի խոսքով չնայած կորոնավիրուսի նախորդ տարբերակների հետ նմանություններին, օմիկրոնը դեռ պետք է հետազոտել։ Օրգանիզմի ամենախոցելի հատվածի մասին հնարավոր կլինի խոսել միայն հետազոտությունների արդյունքներով, ասել է նա։
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի վիրուսաբան և առաջատար գիտաշխատող Մաքսիմ Սկուլաչևն էլ Ura.ru-ի հետ զրույցում նշել է, որ ցանկացած վիրուս ազդում է իմունիտետի վրա՝ փորձելով կասեցնել իմունային պատասխանը։ Նրա խոսքով, «օմիկրոն»-ն իսկապես ազդում է անընկալության վրա, սակայն ապացույցներ չկան, որ նրա ազդեցությունը տարբերվում է COVID-19-ի նախորդ տարբերակներից։
Ավելի վաղ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի, Վիսկոնսինի Մեդիսոնի և Տոկիոյի համալսարանի ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը պարզել էր, որ օմիկրոն շտամով պայմանավորված վարակը կարող է ավելի թեթև ընթանալ, քան մյուս տարբերակներով վարակը: Դա պայմանավորված է նրանով, որ այն ավելի հաճախ ազդում է վերին շնչուղիների, քան թոքերի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը