Հնդկաստանում կատուները փրկել են կոյուղին նետված նորածնին (լուսանկար)
Հնդկաստանի Մումբայ քաղաքում 5 օրական նորածնին հայտնաբերել են ջրահեռացման համակարգում, որտեղ նրան թողել են մահանալու, հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ աղջիկն արդեն ապաքինվում է տեղի հիվանդանոցում։
Ռաջավադիի հիվանդանոցի բժիշկները BBC-ին հայտնել են, որ նա «լավ է իրեն զգում», և նրա առողջական վիճակը վերահսկվում է:
Ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչները գտել են նորածնին այն բանից հետո, երբ մի խումբ փողոցային կատուներ հավաքվել են ճանապարհի երկայնքով կոնկրետ վայրում և սկսել են աղմուկ ստեղծել՝ բարձրաձայն ֆշշացնելով և մռռացնելով: Կատուների տարօինակ վարքը գրավել է տեղացիների ուշադրությունը:
Աչդյունքում, երբ ոստիկանները ժամանել են, հայտնաբերել են երեխային՝ կոյուղու մեջ ընկած։ Նրանց խոսքով՝ երեխան թաթախված էր կոյուղաջրերի մեջ, լացում էր: Այնուհետև երկու սպա դուրս են հանել նրան, փաթաթել մաքուր կտորի մեջ և տեղափոխել հիվանդանոց:
«Երբ մենք երեխային դուրս հանեցինք, նա սառած էր, նրա ձեռքերը կապտել էին: Մենք խնդրեցինք տաք ջուր և կտորեղեն երեխային մաքրելու համար», - Times of India թերթին պատմել է ոստիկան Շիթալ Սոնավանը:
Այժմ իշխանությունները հետաքննում են, թե ինչպես է փոքրիկը հայտնվել ջրահեռացման համակարգում:
Աղբյուրը գրում է, որ նորածին աղջիկների հետ կապված նմանատիպ միջադեպեր պարբերաբար գրանցվում են Հնդկաստանում: Ակտիվիստներն ասում են, որ Հնդկաստանում տղա երեխաների նկատմամբ նախապատվությունը հանգեցրել է նրան, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում միլիոնավոր իգական սեռի երեխաներ լույս աշխարհ չեն եկել հղիության արհետսական ընդհատման հետևանքով: