Լուիզան ինձ խոստացավ՝ ասելով «Եթե կիսամեռ լինեմ, միևնույն է, ծննդյանս օրը կխաղամ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը. Սուրեն Շահվերդյան
Life.panorama.am-ը գրում է.
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր միկրոբլոգում հայտնել է, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին:
Ռեժիսորի այս հայտարարությունը իսկական իրարանցում է առաջացրել, շատերը անհանգստացած են ու հետաքրքրված, թե ինչ հիվանդության մասին է խոսքը:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սուրեն Շահվերդյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ հիվանդությամբ է տառապում դերասնուհին:
«Ինքս չգիտեմ՝ ինչ հիվանդության մասին է խոսքը: Վաղ առավոտյան ինձ զանգեց Լուիզան, ու ասաց՝ «Սուր, վատ եմ», որից հետո երկար ժամանակ լռեց: Անկեղծ ասաց, սկզբում մտածեցի, որ Գ. Կիմիչի հետ մի բան այն չէ, քանի որ գիտեի, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի: Իմ անհանգստացած հարցերին, թե ինչ է պատահել, Լուիզան միայն կրկնում էր, որ վատ է, գլխապտույտ ունի, չի կարողանում ոտքի վրա կանգնել, ջերմությունն էլ 40 աստիճան է: Լուիզան էլ առանձնապես չի հասկանում, թե ինչի պատճառով է ինքնազգացողութունը վատացել: Վերջերս մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադառնալուց հետո վատացել է, հավանաբար որեւէ վարակ է վերցրել: Ամեն դեպքում, Լուիզան ինձ խոստացավ՝ ասելով «Եթե կիսամեռ լինեմ, միեւնույն է, ծննդյանս օրը՝ հունիսի 15-ին, կխաղամ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը, ուստի մենք էլ հետաձգեցինք այն՝ մինչեւ այդ օրը»,- նշեց Սուրեն Շահվերդյանը:
Մեր նկատառմանը, որ Սուրենի հայտարարությունը, թե Լուիզա Ղամբարյանը ծանր հիվանդություն ունի, մարդկանց շրջանում կարծիքներ է ստեղծել, թե դերասանուհին տառապում է դարի հիվանդությամբ, ռեժիսորը նկատեց.
«Ինքս չգիտեմ, թե ինչ հիվանդություն ունի, Լուիզան ինձ ասաց՝ ծանր եմ: Կոնկրետ ինձ համար 40 աստիճան ջերմություն ունենալն արդեն ծանր է, քանի որ դա կրիտիկական սանդղակ է: Մինչ այս ժամն էլ պարբերաբար խոսում եմ նրա հետ, սակայն Լուիզայի խոսքով՝ դեպի լավացումը ոչ մի փոփոխություն չկա»: