Եթե Արցախը հանձնվեց, իսկ Հայաստանը բզկտվում է, թատրոնն ի՞նչ է, որ չփակեն, դա ծրագրի, պատվերի մի մասն է, իսկ պատվերն ապականելն է. Արթուր Սահակյան (տեսանյութ)
Հաղթած քաղաքական ուժը որևէ ծրագիր չի ներկայացրել, չկա ռազմավարություն որևէ բնագավառում, այդ թվում՝ մշակույթի, անգամ անհարմար այս պայմաններում մշակույթի մասին խոսելը. եթե Արցախը հանձնվեց, իսկ Հայաստանը բզկտվում է, թատրոնն ի՞նչ է, որ չփակեն, դա ծրագրի, պատվերի մի մասն է, իսկ պատվերն ապականելն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
«Մենք ոչ միայն մարսեցինք Արցախի կորուստը, այլև մեր հավանությունը տվինք դրանք: Սպասեք ավելի վատ անակնկալների, հանգիստ վայրկյան չի լինելու: Մեր դեմ աշխատող պատվիրատուները մտքի հսկայական գործարաններ են, այստեղ այդ մտքերն ընդամենը կատարվում են: Խնդիրը Հայաստանը չեզոքացնելն է, գյուղատնտեսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը վարի տալը, հեղինակավոր մարդկանց հեղինակազրկելը, որևէ մեկին այստեղ ծաղկուն Հայաստան պետք չէ»,- ասել է արվեստագետը:
Ըստ Սահակյանի՝ մեզ պարտադրում են հայրենիքի գաղափարին հրաժեշտ տալ, անցած տարի, օրինակ, հայրենիքի, հավատի, հաղթանակի հետ կապված բոլոր տոները չեզոքացվեցին. «Խնդիրը քո տեսակը մոռացնելն է, ի՞նչ տարբերություն՝ դու տաջի՞կ ես, թե՞ հայ: Հինգ հազար զոհված տղաները, որոնք կենդանության օրոք մեզնից որևէ բանով չէին տարբերվում, վտանգի պահին արթնացան, նրանց արյունը խոսեց, ու կանգուն մնացին այդ վտանգի առջև: Գլոբալիզացիան միշտ չէ, որ ունակ է սպանել ամեն ինչ: Ամոթ հանդուրժողին և նրանց արյունը մոռացողին: Ներողություն խնդրելու համար համարձակություն և բարոյականություն է պետք ունենալ, ինքնախոստովանանքը ծանր բան է և բնորոշ է արիներին»:
Թատերական գործչի կարծիքով՝ մենք հաճույքով իշխանությունը վստահում ենք նրանց, ովքեր շատ են ուզում այդ իշխանությունն ունենալ. «Ոչ մեկի մոտ աշխատանքի ընդունվելու գիտակցությունը չկա: Նրանք դերասանից տասն անգամ շատ փող են ստանում, բայց գիտակցություն չունեն՝ հասկանալու, որ ծրագիր պիտի իրականացնեն, իսկ չանելու դեպքում պիտի անհարմարություններ ունենան: Իսկ սրանք ամեն առավոտ ստանում են հաղորդագրություններ, թե ինչ բառերով պիտի խոսեն: Արվում է խոստացվածը, անհեթեթություն է պնդել, թե դեռ սովորում են, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում, դրա համար էլ եկել են»: