ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքները
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը:
Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:
Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝
հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,
· որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,
· առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,
· որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,
· հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:
Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Արգելվում է նաև՝
· բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը,
· շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը:
Այս հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով:
Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը:
Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով:
Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է:
Ավելին․․․
Աղբյուր