Ովքեր են Հայաստանի ամենահարուստ աստղերը. լուսանկարներ
Ես, իհարկե, չեմ ցանկանում հաշվել հայտնիների եկամուտի չափը, սակայն հետևելով նրանց կյանքին, չեմ կարող չառանձնացնել ամենաճոխ կյանքով ապրողներին։
Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալավ վարձատրվող հաղորդավարուհիներից մեկն է, իհարկե, նա միշտ ասում է, որ դրա համար օրնիբուն աշխատում է, և ես չեմ ժխտում դա, սակայն չեմ էլ կարող ժխտել, որ Նազենին կարող է իրեն թույլ տալ ճոխ կյանքով ապրել։ Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում է հանգստի, ունի մեքենա, տրիցիկլ, օգտվում է թանկ բրենդներից և շատ այլ վայելքներից: Ասեք, որ Հայաստանում ապրելու և աշխատելու համար վատ կյանք չէ:)
Մայա Պողոսյանի կյանքն էականորեն փոխվեց, երբ նա հանդիպեց Ավետիս Խախամյանին։ Ամուսինն ապահովում է Մայայի ճոխ ապրելակերպը։ Գլամուրային ամսագրի խմբագիրը պակաս գլամուրային կյանքով չի ապրում։ Մայայի ամիսն ամիս չէ, եթե նա երկրից դուրս չի գնացել։ Նրան հետևելով հասկանում ես, որ գրեթե ամբողջ տարին մեկնում է հանգստի։
1. Կան հայտնիներ, ովքեր կյանքն ավելի շատ վայելում են արտերկրում։ Արման Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որովհետև շատ չի սիրում լինել հասարակական վայրերում, որտեղ իրեն ճանաչում են։ Արմանն ամենաշատ ժամանակը, հավանաբար, անցկացնում է ինքնաթիռների մեջ, քանի որ անընդհատ մեկնում է արտերկիր՝ կորպերատիվ միջոցառումների և համերգների։ Հենց դա էլ լիքն է պահում նրա քսակը, ու Արմանն իրեն և ընտանիքին զերծ չի պահում թանկ հաճույքներից։
Մարտին Մկրտչյանի գործերը վերջին տարիներին բավականին լավացել են և նրան էլ կարելի է դասել ամենաապահով հայ հայտնիների շարքին։ Բացի այն, որ Մարտինը հարուստ խավի կորպորատիվ միջոցառումների ամենասպասված երգիչներից մեկն է, նա նաև բիզնես ունի՝ «Մյուզիք թրեվլը»։ Մարտինն ու կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, իրենց կարող են թույլ տալ թանկարժեք հանգիստ, գնումներ և այլ վայելքներ։
Ալեքսանդր Բաբասյանը առիթը բաց չի թողում հպարտանալու, որ ինքը բավականին ապահովված է և կարող է իրեն ճոխություններ թույլ տալ: Իհարկե, նա ամեն առիթով հավատացնում է, որ իր ճոխ կյանքի համար աները ոչինչ չի անում, թեև նրան ոչ բոլորն են հավատում։ Հետևելով Ալեքսանդրին, կարելի է նկատել, որ ինչ-որ տեղ գնալիս նա ավելի հաճախ «թիթիզանում» է իր գնացած տեղի արժեքով, քան տպավորություններով։
Սարգիս Գրիգորյանը մի առիթով ասել է, որ ժամանակին ընտանիքում ունեցել են ֆինանսական խնդիրներ, ինքը վաղ տարիքից է սկսել աշխատել ու այժմ ցանկանում է ամեն բան անել, որպեսզի իր երեխաները ոչնչի կարիք չունենան։ Սարգսին դա հաջողվել է. դերասանական կարիերային զուգահեռ զբաղվելով բիզնեսով՝ Սարգիսն ապահովում է ընտանիքի բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքը։ Նրա փոքրիկններն ու կինը ոչնչի պակաս չունեն։
Մենչը վերջին շրջանում շատ քիչ է երևում հեռուստատեսությամբ, սակայն հեռուստադիտողները հետևում են նրա՝ բավականին եկամտաբեր նախագծերին։ Նրա ընտանիքն ապրում է ճոխ պայմաններում։ Նա կնոջ՝ Քրիստինայի հետ բավականին հաճախ է լինում արտերկրում, վայելում կյանքի թանկ հաճույքները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ Քրիստինան երեխաների հետ է մեկնում արտերկիր՝ առանց Մենչի։
Գոհար Հարությունյանի կյանքը շատ ավելի բարելավվեց, երբ նա ամուսնացավ։ Գոհարի ամուսինը բիզնեսմեն է և կարողանում է ապահովել կնոջ և երեխաների բարեկեցիկ կյանքը։ Մոդելը պարբերաբար նշում է, որ չի սիրում ճոխություններ, սակայն միայն նրանց տունը բավական է ենթադրելու համար, թե որքան ապահովված են նրանք։
Իրինա Թովմասյանը նախկինում էլ էր ապահովված ընտանիքից, սակայն երկրորդ ամուսինը շատ ավելի բարեկեցիկ դարձրեց նրա կյանքը։ Ամուսինը ոչինչ չի խնայում սիրելի կնոջ և երեխաների հարմարավետ ու ճոխ կյանքն ապահովելու համար։
Իհարկե, ճոխ կյանքով ապրող հայտնիների ցանկում չէր կարող չլինել Սիրուշոն։ Երգչուհին, ինչ խոսք, լավ է վաստակում, սակայն ընտանեկան կարգավիճակն էլ նրան թույլ է տալիս ունենալ այն, ինչ մտքով կանցնի։ Նախագահական ընտանիքի անդամ լինելը Սիրուշոյին հնարավորություն է տալիս նույնիսկ չաշխատել և ապրել ճոխ կյանքով, լինել աշխարհի տարբեր անկյուններում, վայելել կյանքի՝ ոչ բոլորին հասանելի հաճույքները։