Քաղաքական իշխանությունը դատական իշխանությունից բացառապես մեկ բան է ուզում՝ իր քիմքին հաճո որոշումների ընդունում. Կարինե Պետրոսյան (տեսանյութ)
Այսօր Երևանի դատարանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր և «Հայրենիք» կուսակցության անդամ Կարինե Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան դատական իրավիճակին, քաղաքական և դատական իշխանությունների առնչություններին:
«Հայաստանի Հանրապետությունում կա իշխանությունների երեք թև և յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը: Դատական իշխանության առաքելությունն է արդարադատության իրականացումը, և շատ ժամանակ այն կարող է չհամընկնել քաղաքական գործող իշխանության և ընդդիմության շահերին, ի՞նչ է ուզում քաղաքական իշխանությունը դատական իշխանությունից, բացառապես մեկ բան՝ իր քիմքին հաճո որոշումների ընդունում և դրանով էլ պայմանավորված է քաղաքական և դատական իշխանություն հակասությունը»,- ասաց Կարինե Պետրոսյանը:
Նա նաև անդրադարձ կատարեց ԲԴԽ անդամ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարմանը և նշեց՝ 65 տարին լրացած անձի պաշտոնավարումը ԲԴԽ-ում ինստիտուցիոնալ հարց է:
«Այստեղ անձը բոլորովին էական չէ, մեծագույն հարգանք ունենալով Գագիկ Հարությունյանի նկատմամբ ժամանակին հայց եմ ներկայացրել այդ հարցի իրավաչափությունը քննարկության առնելու նպատակով, քանի որ գտել եմ՝ ինչպես դատավոր անդամը, այնպես էլ ոչ դատավոր հեղինակավոր իրավաբանը չի կարող պաշտոնավարել ԲԴԽ անդամի պաշտոնում,եթե լրացել է նրա 65 տարին: Գործընթացը կիսատ մնաց, քանի որ պարոն Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, որից հետո այլևս այդ առումով խախտված իրավունք առկա չէր և գործընթացը մնաց կիսատ»,- հավելեց Պետրոսյանը:
Նախկին դատավորը նաև անդադարձավ ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի գործունեությանը և նշեց՝ հույս ուներ, որ Գագիկ Հարությունյանի պրակտիկան լինելու էր վերջինը:
«Ես կարծում էի, որ այդ պրակտիկան վերջինը կլիներ, բայց քանի որ մինչև պաշտոնավարումը արդեն նոր ԲԴԽ անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին բարձրաձայնել էի ԶԼՄ-ներով, նշել էի, որ եթե կրկնվի պատմությունը, այսինքն ԲԴԽ անդամ դառնա 65 տարին լրացած անձը, կրկնելու եմ նույն իրավական գործընթացը»,- նշեց նա:
Նա նաև նշեց՝ իշխանությունները ցանկանում էին անկախ դատական համակարգ, բայց այդ հայտարարություններն ուղղակի մնացին օդում:
«Գործող իշխանությունները ասում էին, որ պետք է ունենալ անկախ դատական համակարգ և ձեռնարկելու են բոլոր միջոցներն այդ ուղղությամբ, սակայն այս հայտարարությունը մնաց զուտ ֆակուլտատիվ վիճակում, թղթի վրա հենց առաջին իսկ հակասության պայմաններում, երբ շահերի բախում տեղի ունեցավ, գործող քաղաքական ուժի և դատական իշխանության միջև»,- ընդգծեց նա:
Կարինե Պետրոսյանը նաև անդրադարձավ նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի («Դարեսկիզբ» ՍՊԸ) ընդդեմ Հայաստանի՝ գործին, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է: Կարինե Պետրոսյանը նշեց՝ տվյալ գործընթացը ունի 2 ենթատեքստ իրավական և կուլիսային: Իրավական տեսանկյունից ՀՀ Սահմանադրությունը պաշտպանում է և՛ անձի արժանապատվությունն ու պատիվը, և՛ խոսքի ազատությունը, իսկ սահմանագիծը շատ նուրբ է և չկա հստակ ջրբաժան:
«Հայկական ժամանակի բողոքը ներկայացվել է դատարան, տարիներ շարունակ մնացել է և «Դարեսկիզբ ՍՊԸ-ի» պատասխանողը Հայաստանի Հանրապետությունն է, տվյալ դեպքում նշված բողոքին պատասխանել է ՀՀ-ը՝ մի կողմից վարչապետի ՍՊԸ-ն, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը: Ես ողջամիտ և բավարար կասկածներ կարող եմ ունենալ, որ այդ պատասխանը բավարար չափով հիմնավոր չի եղել և ՀՀ-ը իրավական հիմնավորումները, օրենսդրական բացերը չի ներկայացրել ՄԻԵԴ: Կառավարությունը պետք է իր վարչապետի ընտանիքի նկատմամբ պատասխան ներկայացնե՞ր»,- նշեց նա: