Հայերի սպանության մասին երիտթուրքերի հրաման–նամակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիդ Մոլլան 1918 թ. սկսել է հրատարակել «Թուրքական Ստամբուլ» թերթը:
1919 թ. մարտի 25–ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին հղված հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 հոդվածից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում:
«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրը: Ավելին, ինչպես հայտնի է` «Միության և առաջադիմության» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո:
Սակայն, անկախ այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Ահա նամակի 10 կետերը.
1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3–րդ և 4–րդ հոդվածները` փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, ովքեր հանդես են եկել «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարության դեմ, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս` սպանել:
2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:
3. Համապատասխան միջոցներով ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով վաստակել են մահմեդականների ատելությունը:
4. Էրզրում, Վան, Մամուրեթ–ուլ–Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորք կիրառելը և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական գործողությունների վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը, աջակցել մահմեդականներին:
5. Ձեռնարկել միջոցներ` ոչնչացնելու դպրոցի ուսուցիչներին, հատկապես 50–ից ցածր տղամարդկանց: Կանանց և երեխաներին ձեռք չտալ` հետագայում նրանց մահմեդականացնելու նպատակով:
6. Ոչնչացնել փախչել հաջողացրած մարդկանց ընտանիքները, ձեռնարկել քայլեր, որպեսզի նրանք ընդմիշտ կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:
7. Լրտեսության մեջ մեղադրելով` պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:
8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:
9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը, առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:
Նամակը հրապարակելուց հետո «Թուրքական Ստամբուլ» թերթը հավելել էր. «Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Նամակը տպագրվում է առանց փոփոխությունների»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում