«Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, կարծես, հեքիաթ լիներ»․ Հասմիկ Խոջյանի նշանդրեքը 26-ամյակին, անակնկալները և դժվարությամբ ընտրած զգեստը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ նշանվել է։ Նա նշանդրեքի խնջույքը կազմակերպել էր իր 26–ամյակի օրը։ Արարողության մանրամասներն ու լուսանկարները Հասմիկն առաջինը վստահել է Tert.am Life–ին և ասել, որ օրն իր համար առանձնահատուկ էր։
Օրվա ընթացքը դերասանուհին նախապես ծրագրել էր, սակայն հուզմունքը չի շրջանցել նրան։
«Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, կարծես, երազ կամ հեքիաթ լիներ։ Ուզում եմ նորից լինի այս ամենը, հաճույքով մի անգամ էլ կգնայի այս ծննդիս»,– ժպիտով ասաց դերասանուհին, ապա հավելեց, որ օրվա ընթացքում նաև անակնկալներ են եղել։ –Նշանածս ինձ անակնկալ մատուցեց, քանի որ արդեն շնորհավորել էր ծնունդս, մատուցել նվերը, կրկնակի անակնկալի չէի սպասում։ Չեմ ուզում մանրամասնել՝ ինչ էր արել, ամենակարևորն այդ վերաբերմունքն է։ Կարող էր սահմանափակվել մինչև այդ արածով, բայց ոչ։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Զարմացած էի»։
Հասմիկը պատմեց, որ անակնկալներ եղել են նաև պարային համարների տեսքով․ «Տորթի կտրման ժամանակ էլ հետաքրքիր պար եղավ, հեքիաթային սիրուն էր ամեն ինչ։ Ամեն բան իդեալական անցավ։ Չկա որևէ բան, որը կուզեի այլ կերպ եղած լիներ»։
Զգեստի ընտրությունը դերասանուհին բավականին բարդ է արելԼ «Ընտրությունը շատ դժվար ստացվեց։ Սկզբում գույնը չէի կարողանում ընտրել, հետո՝ ձևը․ ունենում ես շատ տարբերակներ, բայց մտածում ես, գուցե, չսազի։ Զգեստի այլ տարբերակ էլ ունեի, սակայն որոշեցի, որ չեմ ուզում հագնել»,– ասաց նա ու հավելեց, որ սիրելիի համար զգեստի ընտրությունը անակնկալ եղել։ Առաջին անգամ իրեն այդ կերպարով տեսել է արարողության օրը։
Հասմիկը պատմեց, որ մինչև այս սիրելիի կողմից անակնկալ մատանի չի ստացել, ինչպես լինում է շատ զույգերի դեպքում, իրենք ի սկզբանե որոշել էին, որ այդ ամենակարևոր պահին ներկա կլինեն իրենց ամենահարազատ մարդիկ։
Զույգի հյուրերի թվում են եղել դերասաններ Նորայր Եղյանը, էմմա Շաբոյանը։ Հասմիկը նշեց, որ հյուրերի թվում եղել են միայն ամենօրյա ընկերները։ «Ներկա են եղել մանկությունից, դպրոցական տարիներից եկած ընկերներս, կուսրընկերներս, որոնց հետ պարզապես համակուրսեցի չենք եղել, 9 տարի ամեն օրվա ընկերներ ենք եղել։ Բարեկամական խնջույք էր, ընկերներից ներկա էին այն մարդիկ, ովքեր շատ հին են։ Հույս ունեմ՝ նեղացողներ չեն եղել։ Բացի այդ, առջևում հարսանիք կա, ու ժամանակ ավելի մեծ խնջույք է կազմակերպվում»։