Մանդարինի 7 օգտակար հատկությունների մասին
Newsarm.live-ը գրում է.
Շատերի համար մանդարինի բույրը տոնի, կախարդանքի և մանկության հիշողությունների բույրն է: Հյութեղ նարնջագույն պտուղները բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն: Այդ մասին գրել է «РБК»-ն: Ստորև ներկայացնում ենք օգտակար հատկություններից յոթը:
- Մանդարինը բարձրացնում է իմունիտետը
Մանդարինը հարուստ է C վիտամինով, որն անհրաժեշտ է հատկապես ցուրտ եղանակին: Այն ակտիվացնում է իմունային բջիջները՝ օրգանիզմին օգնելով պայքարել վարակների և վիրուսների դեմ: Վիտամինն ավելի շատ են պարունակում կլեմենտինները:
- Կարգավորում է աղիքների աշխատանքը
Մանդարինը լուծվող և չլուծվող մանրաթելեր է պարունակում: Լուծվող մանրաթելերը նպաստում են օգտակար բակտերիաների աճին, որոնք բարելավում են մարսողությունը և վերականգնում ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորան: Չլուծվող մանրաթելերը դրական ազդեցություն են գործում աղիների գալարակծկանքի վրա:
- Նվազեցնում է տագնապայնությունը
Մանդարինն արդյունավետ է տագնապի, անհանգստության և սթրեսի դեմ պայքարում: Պտղում պարունակվող B խմբի վիտամինները պաշտպանում են նյարդային համակարգը, իսկ C վիտամինը կրճատում է սթրեսի հորմոն կորտիզոլի սինթեզը:
- Բարելավում է մաշկի վիճակը
A և C վիտամինների առատության շնորհիվ՝ ցիտրուսը բարելավում է մաշկի վիճակը: Բացի այդ, մանդարինն արագացնում է վերքերի ապաքինումը և պայքարում է ծերացման վաղաժամ նշանների՝ կնճիռների, չորության, մաշկի առաձգականության նվազման դեմ:
- Նվազեցնում է նորագոյացությունների զարգացման ռիսկը
Պտղի մեջ պարունակվող ֆլավոնոյիդներն օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների անհավասարակշռությունից և օքսիդատիվ սթրեսից, որոնք կարող են հանգեցնել հյուսվածքների վնասման և ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման: Բացի այդ, նշված հակաօքսիդանտները կարող են ճնշել քաղցկեղի բջիջների աճը:
- Ամրացնում է սրտամկանը
Մանդարինը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը կարգավորում է զարկերակային ճնշումը և ամրացնում սրտամկանը: Իսկ վիտամին C-ն ամուր և ճկուն է դարձնում արյունատար անոթների պատերը:
- Բարելավում է տեսողությունը
Մանդարինում պարունակվող A վիտամինը բարելավում է տեսողությունը, ամրացնում եղջերաթաղանթը, օգնում լավ տեսնել մթության մեջ և պաշտպանում լորձաթաղանթները: Իսկ C վիտամինը պատասխանատու է տեսողական օրգանների արյան մատակարարման համար, նվազեցնում է աչքի ճնշումը և 33%-ով պակասեցնում կատարակտի զարգացման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը